ՀԱՅՏՆԻ ՀՅՈՒՐԵՐՆ ՈՒ ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմը, որի նախադիտումը կայացավ նոյեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

 

Որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Անի Խաչիկյանը, Գրիշա Աղախանյանը եւ այլք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։ Պրոդյուսերն Արման Միտոյանն է:

«Մեծ ու բազմաժանր դերասանների շնորհիվ հասկացանք, որ եթե այսպիսի մարդկանց ենք հավաքել մի տեղ, ուրեմն կարելի է ստեղծել այսպիսի նախագիծ, որը, կարծում եմ, իր ժանրի մեջ նորություն է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց պրոդյուսերը:

Իսկ ռեժիսոր Արշալույս Հարությունյանի կարծիքով՝ սա իր կյանքի ամենաերկար նախագիծն էր. «Սա իմ կյանքի երեւի ամենաերկար, ձգված նախագիծն է եղել: Որքան պրոցեսը ձգվեց, այնքան երկար կարողացա վայելել այն մարդկանց, ովքեր աշխատել են այս նախագծի շուրջ»:

Հավելենք, որ ֆիլմի հերոսը չկայացած ռեժիսոր է, որին թատերական ինստիտուտից հեռացրել են իր անհավանական եւ համարձակ մտքերի համար։ Բայց քանի որ թատրոնում դա իրեն չի հաջողվում, նա որոշում է իր խելահեղ մտքերն իրագործել կյանքում։ Նա իր շուրջն է հավաքում իր նման արկածախնդիրների՝ աճպարար, հակեր, նախկին ոստիկան, իր սիրելի աղջկան, որը մասնագիտությամբ լրագրող է, եւ բոլոր այս մարդկանց հետ որոշում իրականացնել «Մեծապատիվ մուրացկաններ» օպերացիան, որն էլ դառնում է իր կյանքի ամենաեկամտաբեր եւ ամենասպասված ստեղծագործությունը:

Անդրադառնալով Քեն Դավիդյանին՝ ռեժիսորը նշեց, որ հենց նրան էր տեսնում տվյալ դերում. «Այս ֆիլմում կինոսիրողը կտեսնի իրեն արդեն ծանոթ դերասաններին բոլորովին այլ տեսանկյունից եւ կբացահայտի նոր ու տաղանդավոր դերասանների։ Պետք է նշեմ, որ ֆիլմում 300-ից ավել դերասան է նկարահանվել, որոնցից կցանկանամ առաձնացնել Քեն Դավիդյանին, որն իր խաղով, մտքով, հումորի զգացումով յուրահատուկ հմայք, համ ու հոտ հաղորդեց ֆիլմին։ Շատ հետաքրքիր, խարիզմատիկ եւ գրեթե անկառավարելի դերասան է։ Միայն այն հանգամանքը, որ Քենը հայերեն չէր կարդում, ուներ բոլորովին ուրիշ մենթալիտետ եւ լեզվամտածողություն, բավականին դժվարացնում էր պրոցեսը, բայց մեզ շատ արագ հաջողվեց զգալ ու հասկանալ միմյանց։ Նա հաճախ ափսոսանք էր հայտնում, որ ես Հոլիվուդում չեմ, իսկ ես խոստովանում էի, որ եթե ինքը լիներ Հայաստանում, ես մեծագույն սիրով անդադար կաշխատեի իր հետ։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Քեն Դավիդյանը համաձայնեց նկարահանվել ֆիլմում. նա իր ներկայությամբ հարստացրեց մեզ բոլորիս»:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»-Ն ՈՒ ArmLur.am-Ը՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Մեծարման երեկո, որը տնտեսության ու գիտության առաջատար ընկերությունների եւ ականավոր անհատների գնահատանքն է: Մրցանակաբաշխության համար հիմք են հանդիսացել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները եւ փորձագիտական եզրակացությունները։

 

Անվանակարգերում ներկայացված էին ՀՀ տնտեսության՝ արդյունաբերության, արտադրության, ՏՏ եւ մի շարք այլ ճյուղերի առաջատարները:

«THE LEADER 2023» մրցանակի արժանացան անձնային բարձր որակական հատկանիշներով օժտված եւ սեփական գիտելիքներն ու կարողություններն ի նպաստ երկրի շահերի ծառայեցնող անհատներ՝ տնտեսագետ, գիտնական, գործարար Կարեն Ասատրյանը եւ «Դայմոնդ սթայլ» ընկերության հիմնադիր-տնօրեն, կին առաջնորդ Նարինե Չարչյանը:

Հարցումների արդյունքում մսամթերքի եւ կաթնամթերքի արտադրության մեջ առաջատարներն են «Բեկոն» եւ «Թամարա» ընկերությունները, ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ առաջատարի դիրքում է Երեւանի շամպայն-գինիների գործարանը: Արտադրության մեջ բարձր վարկանիշ ունեցող ընկերություններ ճանաչվեցին խոշոր արտադրողներ «Սարանիստ» եւ «Օվալ պլաստիկ» ընկերությունները:

Կարեւորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը՝ անվանակարգերում ներկայացված էին նաեւ միջազգային հարթակում խոսուն դերակատարում ունեցող ինչպես հայկական Beneluxe Vodka, Villa La Bella ընկերությունները, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, ինչպես աշխարհի ավելի քան 90 երկրում առաջատար Herbalife բալանսավորված սնունդը:

Արդեն ավանդույթ է դարձել՝ «Վարկանիշ» ընկերության կողմից կազմակերպվող մեծարման երեկոներն ամփոփվում են հաճելի անակնկալով: Այս անգամ եւս «Էնի Վիշ» տուրիստական ընկերությունը ամենահաջողակ հանդիսատեսի համար պատրաստել էր հաճելի անակնկալ՝ ուղեւորություն դեպի Իտալիա:

Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն էր «Ժողովուրդ» օրաթերթը եւ ArmLur.am լրատվական կայքը, որի խմբագիրները՝ Քնար Մանուկյանն ու Սոնա Գրիգորյանը, ստացան շնորհակալագիր իրենց կատարած աշխատանքի համար:

 

 

 

ՆՇՈՒՄ Է ՏԱՐԵԴԱՐՁԸ

Երեկ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան՝ նիգերական Ջոս քաղաքում ծնված Ուգոչուկվու Իվուն նշում է ծննդյան 24-ամյակը: Ֆուտբոլիստը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կիսվել է ընկերների, հարազատների, երկրպագուների ծննդյան շնորհավորանքներով:

«Աստվածն ամենամեծն է…Ծնդունս շնորհավոր»,- սոցիալական ցանցերի իր էջերում կիսված անձնական լուսանկարներին կից գրել է Իվուն:

Հավելենք, որ մինչ Հայաստանի ազգային հավաքականում խաղալը Ուգոչուկվու Իվուն 2017-ին պայմանագիր է ստորագրել Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այդ տարի թիմը դարձել է Հայաստանի առաջին խմբի առաջնության չեմպիոն։ 2019/2020 մրցաշրջանի մի հատվածը Իվուն վարձակալական հիմունքներով անցկացնում է «Փյունիկ»-ում, այնուհետեւ տեղափոխվում «Լոռի», որտեղ էլ ավարտում է մրցաշրջանը՝ անցկացնելով 7 խաղ եւ խփելով 2 գոլ։ 2020 թվականի ամռանը ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրում «Ուրարտուի» հետ։ Ուգոչուկվու Իվուն հրավիրվել է նաեւ Նիգերիայի Մ-20 տարեկանների հավաքական։ 2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստն «Ուրարտուի» կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր։

 

 

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՑ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ խաղաքարերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ եւ պարտություն կրեց։

Ուեսլի Սոն 6 պարտիայից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արոնյանը 2,5 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։ Նրանք անցկացրել են 5-ական պարտիա։

Երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Լենիեր Դոմինգես Պերեսը 5-ական պարտիա են անցկացրել են վաստակել են 3-ական միավոր։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, որն անցկացրել է 6 պարտիա։

Նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Յան Նեպոմյնաշչու հետ, պարտության մատնել Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

 




Լրահոս