Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունը այսօր 10.00-ին մտադիր է նիստ անել՝ ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանի պաշտոնանկության հարցով:
ՔՊ-ն մտադիր է Ալավերդու համայնքապետ ընտրել իրենց խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, ով Շնողի նախկին գյուղապետն է եղել:
ArmLur.am-ը գրել էր, որ Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցությունն համայնքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսում, նոյեմբերի 30–ին ՔՊ-ն Ալավերդու ավագանու 14 անդամի ստորագրությամբ դիմում էր հանձնել համայնքապետին:
ArmLur.am-ի հետ զրույցում Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը՝ հղում անելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքին, նշում է, որ իշխող ուժի նախաձեռնությունն ապօրինի է, քանի որ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամն է նման գործընթաց տեղի ունենում:
ՏԻՄ մասին ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է՝ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո»:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին էլ «Ապրելու երկիր» խմբակցության 9 անդամներ նախաձեռնել էր նիստ՝ Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու օրակարգով, նրանք ցանկանում են ավագանու մեկ այլ անդամի թեկնածություն առաջադրել Ալավերդու համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Այդ նիստը, սակայն, տեղի չի ունեցել քվորումի բացակայության պատճառով։
Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը մեզ հետ զրույցում վստահություն հայտնեց, որ նիստը կայանալու է եւ գործընթացն ավարտին են հասցնելու:
Ինչ վերաբերվում է Արկադի Թամազյանի պնդմանը, որ համայնքապետին անվստահություն հայտնելու հարցով ավագանու նիստ վերջերս է կայացել, Դավիթ Ղումաշյանը պնդում է՝ նիստը քվորում չլինելու պատճառով չի կայացել, ուստի սա օրենքի խախտման հարց չի կարող լինել:
Նշենք, որ Ալավերդու ավագանիում «Ապրելու երկիրն» ունի 13 մանդատ, ՔՊ-ն 13 մանդատ, ավելի վաղ «Ապրելու երկրի» անդամներից Սիմոն Զախարովը, ով ընտրական ցուցակի երկրորդ համարն էր, լքել էր խմբակցությունը: Նա եւս միացել է համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթացին, փաստացի, ՔՊ-ն ունի 14 մանդատ ավագանիում:
Քրիստինա Մուշեղյան