Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:
Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):
Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն: