ՖՈՏՈ․ Պայթյունի հետևանքով եղբայրներից մեկը Ստեփանակերտում է կյանքից զրկվել, մյուսը՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հունվարի 23-ին եղբայրս՝ Արսենը, կդառնար 20 տարեկան, եթե սեպտեմբերի 25-ի այդ չարաբաստիկ պայթյունի օրը ստիպված չլիներ մի քանի լիտր բենզինի համար հերթ կանգնել և պայթյունի զոհ դառնալ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է քույրը՝ Անի Մարկոսյանը։

Արսենը ծնվել է Մարտակերտ քաղաքում, զինվորականի ընտանիքում։ Այնուհետև, տեղափոխվել է հայրենի Առաջաձոր գյուղ։ Առաջաձորում ավարտել է դպրոցը և մեկնել պարտադիր ժամկետային ծառայության, ապա անցել է պայմանագրային ծառայության՝ որպես ականանետի հաշվարկի հրամանատար։

««Եղնիկներ» կոչվող տեղամասում իրականացնում էին սահմանային հերթապահություն։ Արսենը մինչև սեպտեմբերի 24-ը ծառայակից ընկերների հետ եղել է շրջափակման մեջ։ Սակայն այդ մասին մենք իմացել ենք միայն 24-ին, երբ հնարավոր եղավ նրանց շրջափակումից հանել: Ոչ մեկին հնարավոր չէր զանգել և ոչ մեկից տեղեկություն չունեինք, որովհետև պատերազմի սկսվելուն պես երկրում ընդհատված էր հոսանքը և հեռախոսակապը»,- պատմում է քույրը:

Պատերազմն ավարտվել էր, իսկ թշնամին Ստեփանակերտի մատույցներում էր: Հանձնարարություն կար՝ լքել Արցախը: Շատերի պես նրանք ևս ընտանիքին տեղափոխելու պատասխանատվությունը վերցնում են իրենց ուսերին և սկսում վառելիք փնտրել:

«Երեք եղբայրներս սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան դուրս են եկել տնից վառելիք փնտրելու, եղել են տարբեր լցակայաններում, բայց ի վերջո գնացել են Հայկազովում գտնվող ՊԲ պահեստ: Այստեղ երկար հերթ կանգնելուց հետո, տեղի է ունենում պայթյունը և նրանք տարբեր կարգի այրվածքներով տեղափոխվում են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց։ Սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան գրանցվել է Արսենի մահը՝ 90% ախտահարությամբ։ Մյուս եղբորս ծանր այրվածքներով տեղափոխում են Երևան, սակայն նրա կյանքը փրկել նույնպես հնարավոր չեղավ: Բժիշկներին հրաշքով հաջողվել է փրկել միայն փոքր եղբորս կյանքը»,- ասում է մեր զրուցակիցը։

Արսեն Մասիսի Մարկոսյանը մեկն է այն հարյուրավոր տղաներից, որոնք անձնվիրաբար կռվեցին, պայքարեցին հանուն հայրենիի, մազապուրծ փրկվեցին թշնամու գնդակից, սակայն, ցավոք, զոհ դարձան դեռևս չպարզված հանգամանքներում սեպտեմբերի 25-ին Հայկազովի զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունին:

Նանիկ Աղասյան




Լրահոս