Իրանի ու ՌԴ-ի նախագահները կհանդիպեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իրանական պատվիրակության գլխավորությամբ դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Կողմերը նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, մասնավորապես՝ պաղեստինյան հիմնահարցը և Գազայի հատվածում վերջին իրադարձությունները։ Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռաիսիին, դեռ չի բացահայտվում։

Վերջին անգամ Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ են անցկացրել հոկտեմբերի 16-ին՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկելով Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այն ժամանակ Ռաիսին նշել էր, որ Իսրայելի կողմից Գազայում կատարվող հանցագործությունները պետք է դադարեցվեն և զգուշացրել, որ ներկայիս հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ ռազմական առճակատման:

Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարը լուրջ մտահոգություն էր հայտնել հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու հավանականության վերաբերյալ և նշել, որ Մոսկվան պատրաստ է աշխատել կառուցողական մտածողությամբ բոլոր կողմերի հետ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության շուտափույթ լուծման համար։




Լրահոս