
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված Տարոնիկ գյուղի 40-ամյա բնակիչը հայտնել էր, որ ժամը 21.00-ի սահմաններում մի տղամարդ իր տան մոտից 3 միլիոն 480 000 դրամ պարտքի դիմաց հափշտակել է իր 4 միլիոն դրամ արժողությամբ բեռնատարը, որը բարձված էր 250 հազար դրամ արժողությամբ քարով։
Վաղարշապատի բաժնի ծառայողներն ու Արմավիրի պարեկներն անմիջապես սկսեցին հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկել։ Ժամը 23.35-ին Արմավիրի պարեկները Էջմիածին-Աշտարակ ճանապարհին հայտնաբերեցին, ձերբակալեցին և, փախցրած «ԿամԱԶ»-ով հանդերձ, ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխեցին երևանցի երեք տղամարդկանց։
Մեքենան տեղափոխվել է Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։