Դեկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում՝ «Օրսետտո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Արմեն Մ.-ին և 42-ամյա Վերգինե Ա.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ: Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին. վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: