
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի ընդունի սադրիչ գործողությունները ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Այս մասին ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Նոյեմբերի 23-ին Մինսկում կայացել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, սակայն վերջնական հռչակագիրը հրապարակվել է միայն հիմա։ Հանդիպմանը չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչների զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև նշվում է, որ «միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի»։ «Այդ կապակցությամբ մենք կոչ ենք անում ակտիվ ջանքեր գործադրել միջուկային տերությունների միջև ռազմական առճակատումը կանխելու համար»,- հավելել են նրանք:
Փաստաթուղթը նաև աջակցություն է հայտնում «Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու» ջանքերին։