Աշխարհում չկա խնդիրների լուծման որևէ այլ տարբերակ, քան՝ խաղաղության գնալը, ուստի մենք բոլորս պետք է ջանք գործադրենք՝ միմյանց հետ խոսելու համար:
Այս մասին «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Խոսելով ՀՀ կառավարության հեղինակած «Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ»-ի մասին՝ դեսպանը նշում է՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը և երկու երկրների միջև կապեր հաստատելը, ինչպես այս ծրագիրն է ենթադրում, նպաստում է նաև ազգերի մերձեցման.
«Հեռավորությունը ստիպում է ազգերին, որպեսզի տարբեր կարծիքներ ունենան իրար մասին, բայց երբ նրանք առերեսվում են, ապա այդ բացասական հեռավորությունը կարող է վերանալ: Այս առումով նախագիծը բավականին հեռանկարային է, մենք հույս ունենք, որ սա տարծաշրջանին խաղաղություն կբերի»,-հավելեց դեսպան Նիլակշի Սահա Սինհանը:
Ադրբեջանը սեպտեմբերին էթնիկ զտում իրականացրեց Արցախում, ինչի հետևանքով 120,000 հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը: Արցախում իրականացված էթնիկ զտման մասին կան հստակ փաստեր:
ArmLur.am-ը հետաքրքվեց դեսպանից՝ ինչու՞ միջազգային հանրությունը հստակ գնահատական չի հնչեցնում այս մասով, ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքակիրթ հանրությունն այս մասով.
«Դուք գիտեք, որ Հնդկաստանը մշտապես աջակցել է, որպեսզի երկրները նստեն սեղանի շուրջ և լուծեն իրենց բոլոր հարցերը՝ բացառապես բանակցությունների միջոցով: Հիմա, «Խաղաղության խաչմերուկ»-ի միջոցով, Հայաստանը ձեռք է մեկնում խաղաղության համար: Պետք է միջոցներ գտնենք՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասաց դեսպան Նիլակշի Սահա Սինհանը:
Քրիստինա Մուշեղյան