
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վտանգում է ողջ տարածաշրջանի անվտանգությունը միայն իր քաղաքական կյանքը երկարացնելու համար։
«Մենք աջակցում ենք Քաթարի ներդրմանը Գազայում մարդասիրական կարճատև դադարի և գերիների փոխանակման գործընթացում: Նեթանյահուն վտանգում է մեր տարածաշրջանի ապագան՝ երկարացնելու համար իր քաղաքական կյանքը: 17,000 պաղեստինցիների մահը ռազմական հանցագործություն է: Մեր առաջնահերթությունն է անհապաղ հայտարարել մշտական զինադադարի մասին»,- ասել է Էրդողանը՝ այսօր ելույթ ունենալով Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։
Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Քաթարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին առաջին լայնածավալ պայմանավորվածությունը ձեռք բերեցին հոկտեմբերի 7-ին հակամարտությունը սրվելուց հետո. կողմերը պայմանավորվեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ փոխանակման նպատակով։ Այժմ սակայն ռազմական գործողությունները շարունակվում են: