ArmLur.am-ի լրագրողին է զանգահարել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը եւ հայտարարել որ իրենց մասին այլեւս նյութ չհրապարակենք:
Իսկ ինչից է փոթորկվել ՔՊ-ական պատգամավորը:
Բանն այն է, որ ArmLur.am-ը հետաքննություն է իրականացնում նրա թոռան մասնակցությամբ միջադեպի գործով եւ այս հանգամանքը Մելքոնյանի դուրը չի գալիս:
Հարց է առաջանում, եթե ArmLur.am-ը շարունակի իր հետաքննությունը եւ հրապարակումներ ունենա, ապա ինչ է սպասվում լրատվամիջոցին եւ լրագրողին:
Այս հարցի պատասխանը փորձեցինք անձամբ պարզել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանից, որը երկու ձեռքով հարձակվեց ու բղավեց լրագրողի վրա՝ ասելով, որ չի ցանկանում տեսնել իրեն։
Թե ինչ կատարվեց ԱԺ միջանցքում ֆիքսել է մեր տեսախցիկը։
Հիշեցենք, որ մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռանը՝ Գագիկ Կարենի Մելքոնյանին տարել են ՀՀ քննչական կոմիտե եւ հարցաքննել:
Այս տեղեկությունը փորձեցինք անձամբ պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նշված անձի մասով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվել են, քննությունը շարունակվում է:
Ասել է, թե կոմիտեից հաստատեցին, սակայն փաստ է մեկ բան, որ անչափահաս տղայի դանակահարության գործով որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի կանչվել:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ավանի «Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման» քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել՝ պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։
Ըստ ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։
Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդիները հեղափոխությունից հետո իրենց դիրքեր են ամրապնդում իրավապահ համակարգում: Արմեն Մելքոնյանը այս տարվա ապրիլի 1-ին նշանակվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Իսկ ահա դանակահարության միջադեպի գործով անցնող Գագիկ Կարեն Մելքոնյանի հայրը՝ Կարեն Մելքոնյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարն է:
Ինչևէ հետեւենք զարգացումներին: Նշենք, որ ավելի վաղ ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան