«Այսօր կարող ենք ասել, որ մեր համայնքում բավականին բարձրացվել է կամավորության գիտակցումը և շատ երիտասարդների մոտ դեպի դրականն է փոխվել պատկերացումը կամավորության հանդեպ: Մենք ցանկանում ենք հասնել այն նպատակին, որ յուրաքանչյուր երիտասարդ գիտակցի, որ մարդ արարածի ինքնադրսևորման լավագույն տարբերակը կամավորությունն է և հենց կամավոր աշխատանքն է որոշ դեպքերում լինում շատ կարևոր մեր հայրենակիցների խնդրների լուծման ու կարգավորման հարցում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է «Հայի բռունցք» հասարակական կազմակերպության հիմնադիր Գարիկ Աղասյանը:
Կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին, Հրազդան համայնքի երիտասարդ Գարիկ Աղասյանի կողմից, սակայն ինչպես նա է նշում, փոքր կամավորական թվով, այն ավելի վաղ էր գործում:
«2023 թվականին, երբ արցախցիները բռնի տեղահանվեցին, «Հայի բռունցք» հասարակական կազմակերպությունն առաջին իսկ օրվանից ակտիվորեն համագործակցեց Հրազդանի համայնքապետարանի և Կոտայքի մարզպետարանի հետ: Ընդհանուր համակարգմամբ մասնակից հանդիսացանք բազմաթիվ կամավորական աշխատանքների, որոնց ընդհանուր նպատակն էր Հրազդան համայնք տեղափոխված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կացարաններով ապահովումը, ինչպես նաև սոցիալական, իրավաբանական և հոգեբանական կարևորագույն աջակցությունների ցուցաբերումը»,- ասում է մեր զրուցակիցը:
5-ամյա գործունեության ծավալման արդյունքում՝ կազմակերպությունը գրանցել է մի շարք վերելքներ: Կազմակերպության նպատակը մեկն էր՝ համախմբել Հրազդանի երիտասարդների ներուժը:
«Կամավորական փոքր շարժում ենք ունեցել, շատ քիչ թվով և միայն 2018 թ. որոշեցի Հրազդան համայնքում ստեղծել հասարակական կազմակերպություն, որտեղ հնարավոր կլինի համախմբել հրազդանցի երիտասարդների կամավորական ներուժը և, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի աջակցելու համայնքային խնդիրների լուծմանը: Այս պահի դրությամբ տարածքում մենք հիմնադրել ենք ձայնագրման ստուդիա՝ նախատեսված տաղանդաշատ, երաժշտական ասպարեզում ստեղծագործ երիտասարդների համար, հիմնադրել ենք ֆոտոստուդիա, մանուկների համար «Փոքրիկ գիտունիկ» մանկական կենտրոնը, ինչպես նաև Սեմինար կենտրոն, որը հնարավորություն է տալիս տարբեր բանախոսների կողմից ժամանակ առ ժամանակ իրականացնել կարևորագույն սեմինարներ: Մենք հիմնադրել ենք նաև «Մարքմեդիա» կրթական կենտրոնը, որի շրջանակներում 3 տարի շարունակ իրականացնում ենք վերապատրաստման աշխատանքներ Հայաստան-Արցախ-Սփյուռք փոխադարձ կապով և արդեն ունեցել ենք շուրջ 1000 վերապատրաստվող մասնակիցներ՝ Հանրային ներդրումներ և Դրամաշնորհային նախագծեր թեմատիկայով»,- նշում է Գարիկ Աղասյանը և անկեղծանում, որ ավագ սերնդի ներկայացուցիչները թերհավատորեն էին մոտենում իր այս գաղափարին, կարծելով, որ համայնքում դժվար կլինի մեծ թվով երիտասարդների համախմբել:
«Փորձը հակառակը ցույց տվեց և այսօր «Հայի բռունցք» հասարակական կազմակերպությունը ունի շուրջ 100 կամավորներ, որոնք իրենց ջանքն ու եռանդն են ներդնում և՛ կազմակերպության ընդհանուր զարգացման դրույթների, և՛ կանոնադրական նպատակների իրականացմանը:
Կազմակերպությունը մինչև այսօր իրականացրել է շուրջ 450 նախագիծ, որոնց մեծ մասը հատկացված է եղել Հրազդան համայնքի զարգացմանը: 2020թ. կամավորների խնդրանքին ի պատասխան համայնքապետարանը տրամադրել է այլևս չգործող մանկապարտեզի մի մասնաշենք, որը կամավորական ներուժի համախմբամբ վերանորգվեց և համապատասխանեցվեց կազմակերպության գործունեությանը:
«Հայի բռունցք» հասարակական կազմակերպությունը 2020 թվականի Արցախյան 3-րդ պատերազմի ժամանակ իր ներդրումը ևս ունեցավ՝ արցախցիներին ցուցաբերելով կացարանային և սոցիալական աջակցություն: Գ.Աղասյանի խոսքով՝ կազմակերպության անդամներից նաև կամավորագրվեցին և մեկնեցին պատերազմի դաշտ:
Նանիկ Աղասյան