Հայաստանում 7-9 տարեկան երեխաների 27,7 տոկոսն ունի ավելցուկային քաշ, իսկ 12,6 տոկոսը` ճարպակալում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հետազոտությունները վկայում են, որ քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ:
«Այս երեխաները առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով:
Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:
Ապացուցված է, որ քաղցր ըմպելիքների ընդունման նվազեցմամբ բարելավվում է երեխաների առողջությունը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: