Համալսարանների շուրջ առաջացած կրքերը շարունակվում են: Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունները մեկը մյուսի հետեւից հայտնվում են սկանդալների կենտրոնում՝ արժանանալով երբեմն հասարակության, երբեմն էլ իրավապահների ուշադրությանը:
Այժմ էլ իր վարքով աչքի է ընկել «Հայբուսակ» համալսարանը, մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը ստանում է բողոքներ քաղաքացիներից, ովքեր պատմում են, որ համալսարանը կարծես ցանկանում է կամ արդեն իսկ դուրս է եկել բարոյականության նորմերից:
Քաղաքացիները պատմում են, որ այն ուսանողները, ովքեր չեն կարողանում վարձը ժամանակին վճարել, հայտնվում են անհարմար դրության մեջ: «Անհարմար դրությունը» ոչ այլ ինչ է, քան վարձավճարի՝ տոկոսների մարում: Փաստորեն ստացվում է հետեւյալ պատկերը. ուսանողները չեն կարողանում վճարել ուսման վարձը, փոխարենը նրանց ոչ թե նախազգուշացնում են կամ նկատողություն տալիս, ոչ թե ժամանակ են տալիս վարձը մարելու կամ վատագույն դեպքում հեռացնում համալսարանից, այլ ասում են, որ իրենց վարձավճարը 10 %- ով ավել պետք է վճարեն:
Օրինակ 500.000 դրամ տարեկան սահմանված վարձի դեպքում ուսանողը ըստ կիսամյակի 250.000 ՀՀ դրամ վճարելու փոխարեն պարտավորվել է վճարել 25.000 դրամ ավել: Այլ կերպասված՝ ուսումնական հաստատությունը վերածվել է բանկի՝ ոչ այնքան շահավետ պայմաններով ու բավականին բարձր տոկոսադրույքով:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձեց կապ հաստատել «Հայբուսակ» համալսարանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում համալսարանում. սակայն մեր ջանքերը նրանց հետ կապվելու պսակվեցին անհաջողությամբ: «Հայբուսակցիները» համառորեն նույնիսկ ընդունարանի հեռախոսին չեն պատասխանում:
Այդուհանդերձ «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց համալսարան, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Մարիամ Ղազարյան