Հայաստանը՝ Ռուսաստանի «ֆորպո՞ստ»․ ամերիկացի բլոգերի ուշագրավ գրառումը մի քրեական գործի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվիթերի իր էջում ամերիկացի հայտնի բլոգեր եւ ռազմական փորձագետ Դավիթ դե Մոռոն (David De Morrow) անդրադարձել է ԱՄՆ քաղաքացի Էրիկ Թոմաս Կրիմերի՝ Ռուսաստանի կառավարության կողմից «շինծու» մեղադրանքների պատճառով Հայաստանում «պատանդ» մնալուն։

Եւ ահա, ինչ է գրում բլոգերը։
Նա նախ ներկայացնում է, թե ով է Էրիկ Կրիմերը, վերջինս 2005թ ավարտել է Աթենքի միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել Օհայոյի համալսարանում, տեղափոխվել է Ռուսաստան և աշխատանքի ընդունվել MITP-ում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ Այդ աշխատանքի շրջանակներում նա թարգմանել է ՌԴ պաշտպանության նախարարության որոշ գաղտնի փաստաթղթեր։
2017թ՝ գիշերը տուն հասնելուց անմիջապես հետո, Կրիմերին առեւանգել են ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցները, ժամերով նրան անազատության մեջ պահել, հոգեբանորեն խոշտանգել, ատրճանակը գլխին դրած՝ պատասխաններ պահանջել՝ կասկածելով նրան լրտեսության մեջ։
Որեւէ ապացույց չունենալով՝ կարճ ժամանակ անց նրան հայտնել են, որ թմրանյութ են գտել Մոսկվայի Տվերսկայա-Յամսկայա փողոցի 3-րդ հասցեից, սակայն Կրիմերը այդ հասցեում չի ապրել։

Հետո նրան ստիպել են ստորագրել մի փաստաթղթի տակ՝ ասելով, որ մեղադրանք չկա, սակայն պետք է անհապաղ լքի երկիրը։
Կրիմերը հեռացել է Ռուսաստանից, այցելել է Եվրոպական երկրներ, Վրաստան, այնուհետեւ որոշել է ընկերուհու հետ մեկ օրով այցելել Հայաստան։
2021 թվականին ՀՀ պետական սահմանն անցնելուց հետո նրան հայտնել են, որ չի կարող հեռանալ Հայաստանից։
Շուրջ 2 տարի է՝ Կրիմերը չի կարողանում հեռանալ Հայաստանից, նա դիմել է ԱՄՆ դեսպանատուն, Սենատի անդամներին, Հայաստանի կառավարություն, տարբեր պաշտոնյաների, մարմինների, սակայն որեւէ արձագանք չկա։

Ամերիկացի բլոգերը նշում է, որ սա հերթական դեպքն է, երբ ռուսները ամերիկացուն լրտեսության մեջ են մեղադրում, սակայն չունենալով որեւէ ապացույց, որոշում են, որ եթե լրտես չէ, գոնե թմրանյութի համար դատեն։ Իսկ Հայաստանն էլ, որպես ՀԱՊԿ անդամ, մասնակից է Ռուսաստանի կողմից կեղծ մեղադրանքներին։
Նա հիշեցնում է, թե ինչ մեծ մարդասիրական օգնություն է տվել ԱՄՆ-ն Հայաստանին, եւ որ Հայաստանը փորձում է նոր հարաբերություններ ստեղծել ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, արեւմուտքի հետ, սակայն ամերիկացիներին հետապնդելու գործընթացին մասնակցելը միայն կխանգարի։
Բլոգերը գրում է, որ տարօրինակ է, որ ԱՄՆ-ից օգնություն ստացող երկիրը շարունակում է պատանդ պահել Ռուսաստանի կառավարության կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող մարդուն։
Բլոգերը նշում է, որ Կրիմերը ցանկանում է վերադառնալ իր տուն՝ 11-ամյա որդու և տարեց մոր հետ, որոնց չի տեսել տարիներ շարունակ, սակայն Հայաստանը թույլ չի տալիս լքել իր տարածքը։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ պրոուկրաինական հայացքներ ունեցող Էրիկ Կրիմերի մասով ՌԴ-ում վարույթն իրականացնող մարմին չներկայանալու պատճառաբանությամբ 2017 թվականի օգոստոսի 10-ին Էրիկ Կրիմերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 2021թ արդեն հայտարարվել է միջպետական հետախուզում, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Նրա պաշտպանությունն իրականացնում է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության թիմը, որը Կրիմերի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու վերաբերյալ գրություններ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին։
Ընկերությունից լրատվամիջոցին հայտնեցին, որ սպասում են իրենց ուղարկած գրությունների պատասխաններին, որից հետո կանդրադառնան գործին։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ փաստացի սուվերեն երկրի իրավապահ մարմինները ռուսներից ավելի ռուսասեր են և ԱՄՆ քաղաքացուն «պատանդ» են պահում Հայաստանում, մինչդեռ տասնյակ-հարյուրավոր գործերով ՀՀ քաղաքացի հանդիսացող մեղադրյալներին հանձնելու մեր միջնորդությունները մերժվում են ռազմավարական դաշնակցի կողմից։

Այսքանից հետո հարց է առաջանում՝ միթե Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստը» չէ՞, ինչպես դեռեւս 20 տարի առաջ հայտարարել էր ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը։




Լրահոս