Ռոմանը 5 տարեկան էր, երբ ընտանիքը Լենինգրադից վերադարձավ հայրենի Առաջաձոր գյուղ: Այստեղ նա դպրոց գնաց ու ուսում ստացավ:
«Գյուղին շուտ հարմարվեց ու շատ սիրեց: Շատ էր կապված գյուղի հետ, երբ մի տեղ էր գնում փորձում էր ինչքան հնարավոր է շուտ վերադառնալ: Մտադիր էր հետագայում էլ ապրել Առաջաձորում: Դպրոցն ավարտելուց հետո՝ 2022-ին անցավ պարտադիր ժամկետային ծառայության»,-ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է քույրը՝ Անին։
Ռոման Թելյանը ընդամենը 19-ը տարեկան էր, բայց իր սպորտային կազմվածքով, պատրաստվածությամբ ու խելացիությամբ մշտապես հրամանատարության ուշադրության կենտրոնում էր գտնվում: Քույրն ասում է՝ կարծես պատրաստի զինվորական լիներ:
«Ռոմանը հետախույզ էր: Հրամանատարական կազմը նրան առաջին իսկ օրվանից նկատեց և ընտրեց այդ խմբում: Երբ արդեն իմացանք պատերազմի մասին, փորձեցինք զանգել, կապ հաստատել նրա հետ, սակայն անարդյունք էր: Սկզբից մտածեցինք նա է անջատել, որովհետև, երբ դիրքերում լարվում էր իրավիճակը անջատում էր, որպեսզի չզանգենք, սակայն հետո պարզվեց, որ ողջ Արցախում է բացակայում հեռախոսակապը: Միայն սեպտեմբերի 24-ին գնացել է Առաջաձոր՝ իրենց տուն, բայց ընտանիքի անդամներին չի գտել: Գյուղն արդեն ամբողջությամբ տարհանել էին»,- պատմում է քույրը:
Անին պատմում է, որ միայն հաջորդ օրը երեկոյան Ռոմանին հաջողվեց կապ հաստատել ընտանիքի անդամների հետ: Շատերի պես նրանց ընտանիքը ևս ուներ վառելիքի խնդիր: Ռոմանը սեպտեմբերի 25-ին նույնպես գնաց Հայկազով զորամասի պահեստ՝ վառելիք ստանալու, որտեղ էլ և պայթյունի ժամանակ ստացավ տարբեր կարգի այրվածքներ:
Ռոմանի մարմնի 70 տոկոսն այրված էր, իսկ վիճակը գնահատվում էր ծանր: Նրան հնարավորինս շուտ տեղափոխել են Երևանի այրվածքաբանական կենտրոն, սակայն ուղիղ 9 օր հիվանդանոցում պայքարելուց հետո, մահացավ Ռոմանը:
«Հիմա, որ այսպես նայում ենք ու տեսնում, որ մարդիկ այս ամեն ինչից բացի նաև իրենց որդիների, ամուսինների ու եղբայրների գերեզմաններն են կորցրել, մխիթարվում ենք, որ մենք գոնե կարող ենք գերեզմանին այցելել»,- ասում է Անին:
Նանիկ Աղասյան