Զոռբայությամբ իշխանություն են վերցնում․ դիմելու ենք դատարան․ Ալավերդիի պաշտոնանկ արված համայնքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 5-ին լարված իրավիճակ էր Ալավերդիում: Ավագանու 27 անդամից 14-ը համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» խմբակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանին անվստահություն է հայտնել և համայնքի ղեկավար ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Դավիթ Ղումաշյանին, որը լիազորությունները կստանձնի ուրբաթ օրը: Այս փոփոխությունը հնարավոր է եղել, քանի որ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից եւ աջակցել ՔՊ-ին:

Այդ լարված իրավիճակում հնչել են վիրավորանքներ, մասնավորապես, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը Արեն Մկրտչյանին անվանեց սրիկա, վերջինս էլ նրան ասաց՝ «չմո»:

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Արկադի Թամազյանին։

-Պարո՛ն Թամազյան, եթե ընդհանուր առմամբ ամփոփենք Ալավերդիում կատարվածը, ի՞նչ տեղի ունեցավ ավագանիում: Ի վերջո իշխանությունը հասավ իր նպատակին եւ ձեզ պաշտոնանկ արեց: Ի՞նչ գնահատական կտաք:

-Եթե իշխանության նպատակն է տապալել, համարենք՝ տապալեցին, մարդկանց սահմանադրական իրավունքը, իսկապես, տապալեցին, ոստիկանական բիրտ ուժեր կիրառելով, զոռբայությամբ փորձում են իշխանություն վերցնել: Իհարկե, դեռ չեն հասել իրենց վերջնական նպատակին. կա դատական համակարգ ու այլ տարբերակներ: Հարկադրանքով ցանկանում են տիրանալ համայնքի կառավարմանը: Դրանից ավել էլ ի՞նչ ասես:

-Ի՞նչ եք պատրաստվում անել, պարո՛ն Թամազյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:

-Ես չգիտեմ, այսօր մեզ մոտ շատ պայթյունավտանգ իրավիճակ է, շատ լուրջ իրավիճակ է առաջացել, չեմ կարող ասել՝ ի՞նչ քայլերի կգնա ժողովուրդը կամ՝ կգնա՞, թե՞ չի գնա, ամեն դեպքում իրավական ճանապարհով փորձելու ենք անել հնարավոր ամեն ինչ: Դիմելու ենք դատարան եւ պայքարը, ինչպես եւ երեկ ես հայտարարեցի, ավելի մեծ թափ է առնելու:

-Բայց ինչ-որ արդյունք, ըստ Ձեզ, դա կտա՞:

-Չեմ կարող ասել, բայց դատարանի որոշումից է կախված:

-Պարոն Թամազյան, ասեցիք, որ ժողովուրդը մտադիր է ինչ-որ քայլեր անել, խոսքը ակցիաների՞ մասին է: Իսկ քաղաքացիները մտադիր են նորի՞ց ակցիաներ անել:

-Չեմ կարող ասել: Ժողովուրդն ամեն ինչ տեսավ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ինչ պահվածք դրսեւորեցին: Իրենք ավելի վատ են տրամադրված եւ ավելի վատ են խոսում հենց իրենց կուսակիցների եւ բոլոր նրանց նկատմամբ, ում նախկինում ընտրել էին:

-Ինչ որ քննարկում եղե՞լ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ երեկվանից հետո:

-Ո՛չ, հանդիպեմ ի՞նչ քննարկեմ: Օրինական ճանապարհը կլիներ նոր ընտրությունների գնալը:

-Այսինքն հնարավո՞ր է Ալավերդիում նոր ընտրություն լինեն:

– Ես չեմ կարող ասել նոր ընտրություն կլինի՞, թե՞ ոչ: Դատարանը կարող է կասեցնել ՔՊ-ի որոշումը, կարող է եւ՝ չկասեցնել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս