ՀՀ Աժ-ի այսօրվա նիստի քննարկումներն ընթանում էին կիսադատարկ դահլիճում: Թվում էր ` տրանսպորտի մասին քննարկումը, որը պետք է հուզի յուրաքանչյուր քաղաքացու, կարող էր «ստիպել» մեր պատգամավորներին չլքել դահլիճը: Սակայն եղավ այն, ինչ եղավ:
Հիմնականում իշխող պատգամավորների ու ԲՀԿ-ականների մեծ մասը ներկա է լինում այն ժամանակ, երբ կյանքի և մահու օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է քվորում ապահովել: Այս և այլ օրինագծերին պատգամավորների բացակայությունը հերթական անգամ հիշեցնում է ` մեր իշխանական այրերը Հայաստանում «չեն ապրում», չնայած Շարմազանովը այսօր հայտարարեց, որ իշխող կուսակցության ներկայացուցիչները լավ գիտեն սեփական ժողովրդի խնդիրները, չէ՞ որ նրանք Լուսնի վրա չեն ապրում:
Սակայն կիսադատարկ դահլիճները քննարկվող օրինագծերի նկատմամբ անտարբերությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ մեր այրերը չեն ապրում ժողովրդի դարդ ու ցավով:
Իսկ տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի նկատմամբ անհետաքրքրությունը մեկ պարզ բացատրություն ունի՝ սեփական ու թանկարժեք մեքենաներով երթևեկելով՝ մեր «ընտրյալները » վաղուց մոռացել են թե հանրային տրանսպորտը, թե այդ ոլորտի խնդիրները: Ի դեպ, վերջին երկու օրերին օրվա երկրորդ կեսից բացակայում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, երբեմն էլ ԱԺ մյուս փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Սոնա Դավթյան