
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Քննարկվել են հայ-իրանական հարաբերությունները, մասնավորապես՝ երկու երկրների միջև բեռանափոխադրումների իրականացմանը վերաբերող հարցեր։
Երկուստեք ընդգծվել է, որ ՀՀ-ն կարող է ԻԻՀ-ի համար տարանցիկ երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ և եվրոպական երկրներ, իսկ ԻԻՀ-ն Հայաստանի համար՝ դեպի Պարսից ծոցի և Միջին Ասիայի երկրներ ու Հնդկաստան։
Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել հայկական ընկերություններին ապահովել բարենպաստ պայմաններով իրանական նավահանգիստներից օգտվելու համար։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ստորագրել ոլորտային համագործակցության հուշագիր, որը թույլ կտա հայկական կողմին օգտվել իրանական նավահանգիստներից։