Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը (UN Peacekeeping Ministerial), որը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների նպատակով:
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել՝ հաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ուժեր պատրաստել և տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին:
Միջոցառման շրջանակներում Արման Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ծրագրերի և գործողությունների գծով փոխտեղակալ Ռեյչլ Շիլլերի և «Գլոբալ խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» ծրագրի տնօրեն Ջենիֆեր Փուլիամի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Խաղաղապահության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ կարճատև հանդիպման ընթացքում Արման Սարգսյանը ներկայացրել է միջազգային խաղաղապահության ուժերի պատրաստության ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: