ՖՈՏՈ․ Ուզում եմ Արցախի պատառիկները դարձնել հավերժ ներկա. Արցախի բռնի տեղահանված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արցախիս հանդեպ անսահման կարոտն իմ սրտում, ուզում եմ Արցախի պատառիկները դարձնել հավերժ ներկա»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Լիլիթ Հայրապետյանը:

Լիլիթը մասնագիտությամբ բանասեր է: Սովորել է Արցախի պետական համալսարանում: Սակայն, ինչպես Լիլիթն է ասում, նրան միշտ ավելի հոգեհարազատ է եղել դերասանի մասնագիտությունը: Փոքր տարիքից քրոջ՝ Վարդինեի հետ ներկայանում էր բեմերում՝ տարբեր կերպարներով: 2020 թվականից հետո արդեն աշխատում էր Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես սկսնակ դերասանուհի և հենց այդ ժամանակ էլ նկարահանվեց մեր քաջորդիների սխրագործությունները պատկերող «Արցախի լուսաբացը» կինոներկայացմանը:

Հիմա Լիլիթը ապրում է Երևանում, բայց բեմ բարձրանալու ցանկություն չունի: Որոշել է Արցախը ներկայացնել էկոպայուսակների տեսքով:

«Ես Լիլիթ Հայրապետյանն եմ, արցախցի երիտասարդներից մեկը, ով փորձում է իր ունեցած տաղանդով, հնարավորություններով աշխարհին ներկայացնել ու հասանելի դարձնել Արցախն ու նրա մշակութային արժեքները:

Բեմ բարձրանալու դեռ պատրաստ չեմ: Ընկճված եմ, բայց՝ ոչ թևաթափ: Որոշել եմ Արցախս ներկայացնել աշխարհին՝ ազգային այլ արժեքների տեսքով։ Այսուհետ իմ հնարավորությունները կիրառելու եմ էկոպայուսակների արտադրության մեջ»,- ասում է մեր զրուցակիցը։

Լիլիթի խոսքով՝ շրջափակումը չընկճեց արցախցուն, ավելին` յուրաքանչյուրն ունեցավ պայքարի իր բանաձևն ու ամուր էր կանգնած հայրենի հողի վրա` գիտակցելով, թե ինչպես և երբ է հողը դառնում Հայրենիք։

«Իմ բանաձևը ես ձևակերպել էի հետևալ կերպ` սիրելիիս հետ հաղթահարել բլոկադայի հետևանքով ստեղծված սոցիալ-հոգեբանական գործոնները` ամուսնանալ ու շարունակել Արցախցու հզոր տեսակը․․․ Ամուսնացա հուլիսի 23-ին, իսկ հետո, հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք․․․»,- հուզմունքով ասում է Լիլիթը:




Լրահոս