ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր իր ելույթում անդրադարձավ տրանսպորտի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին: Պրն Փաշինյանի խոսքով ` ըստ էության հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը և որոշում կայացնելու քաղաքականությունը քաղաքապետից վերցվում է և տրվում է ավագանուն:
«Սա երկրորդ նախապատրաստությունն է ուղեվարձի փոփոխության: ՀՀ կառավարությունը հասկացել է, որ այդպիսի հզոր հասարակական ճնշումները շատ են գիտությունների թեկնածու Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար: Եվ նա որոշել է այդ ճնշումները ցրել ավագանու 65 անդամների միջև»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա ` մեր կառավարությունը ուղեվարձի փոփոխություն ասելով միայն հասկանում է բարձրացում:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը, սակայն հիշեցրեց` քանի դեռ Տարոն Մարգարյան մի խմբակցության հետ քաղաքային իշխանությունն է ներկայացնում, ուղեվարձի սակագինը չի կարող փոխվել, քանի որ Տարոն Մարգարյանը նախորդ տարի հայտարարել էր, որ ուղեվարձը չի թանկանալու: Մեջբերելով Տարոն Մարգարյանի նախորդ տարվա այդ հայտարարությունը, պատգամավորը հիշեցրեց, որ դրանից հետո փորձ արվեց տրանսպորտի սակագինը թանկացնել: «Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական խայտառակություն: Սա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են շուլեր, մաշենիկ ու խաբեբա»,- հայտարարեց պատգամավորը:
Պրն Փաշինյանը վստահ է, ուղեվարձի հարցի կարգավորումը կլինի միայն մեկ դեպքում, երբ հրաժարական կտա Տարոն Մարգարյանը մեծամասնության հետ, կլինեն արտահերթ ընտրություններ, որոնց հետևանքով կձևավորվի ավագանին, որն էլ կլուծի խնդիրը:
Մյուս հարցը, որին անդրադարձավ Փաշինյանը, ուղևորների պակասն է: Դրա բացատրությունն էլ տվեց պատգամավորը: «Ձեր կառավարությունն այնպես արեց, որ ուղևորները հեռանան Հայաստանից: Ձեր կառավարությունը չէ՞ր, որ ասում էր, մնան էստեղ, որ հեղափոխությո՞ւն անեն: Դե էդ մարդիկ էլ գնացին, էլ ինչի՞ եք ասում ` ուղևոր չկա»,- պարզաբանեց պատգամավորը ` հավելելով, որ եթե ուզում են թանկացնել տրանսպորտի սակագինը, ուրեմն թող կրճատեն աղքատությունը 50 տոկոսով: