Հայաստան վերադարձվող գերիների ցանկում են նաև Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը. ինչ մեղադրանք էր առաջադրված նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:

Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։

Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Գևորգ Ռուբենի Սուջյանն ու ընկերը՝ Դավիթ Տիգրանի Դավթյանը, հրադադարից հետո գերեվարվել էին ադրբեջանցիների կողմից։ Նրանց մեղադրել էին լրտեսության մեջ, իբրև համագործակցում էին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հետ: Բաքվի ծանր դատարանում էլ հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով և դատապարտել էին 15 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ Այդ օրը Սուջյանն ընկերոջ՝ Դավիթի հետ ցանկանում էր մեկնել Արցախ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մի քանի օր նրանցից տեղեկություն չունենալով՝ Սուջյանի մտերիմները ու ընկերները սոցիալական ցանցերում անընդհատ ահազանգում էին նրանցից լուր չունենալու մասին: Միայն երկու օր անց՝ նոյեմբերի 13-ին, ադրբեջանական սոցցանցերում տարածված տեսանյութից ընկերները ճանաչել են Սուջյանին ու Դավիթին: Նրանց գերեվարել էին 2020թ. նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին:

Հավելենք, սակայն, որ հրապարակված ցուցակները ճշգրտված չեն, հայկական կողմից դեռ հաստատումներ չկան այն անունների, որոնք հրապարակել են ադրբեջանաան լրատվամիջոցները։

Նանիկ Աղասյան




Լրահոս