ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով էր այն փորձագետը, որի համար Ալեն Սիմոնյանն ու պատգամավորը ճնշում էին ԿԿՀ նախկին նախագահին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ դեկտեմբերի 6-ի հերթական նիստին ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը հարց ուղղեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի
թեկնածու Հայկուհի Հարությունյանին.

«Տիկին Հարությունյան, արդյոք Դուք երբեւէ միջազգային որեւէ կազմակերպությանը ասե՞լ եք, որ այդ կազմակերպության կամ նրա առանձին ծրագրի հետ չեք համագործակցի, եթե այդ կազմակերպությունը շարունակի աշխատել հայաստանյան փորձագետի հետ: Եթե այո, ապա արդյոք դա տեղի է ունեցել միայն մե՞կ փորձագետի առնչությամբ, թե՞ մեկից ավելի դեպքերում»:

Ինչին ի պատասխան Հարությունյանը շեշտեց, որ եթե հարցը հնչեցվում է հանրային հարթակից եւ միջազգային կազմակերպություններն իրենց վերագրելիության խնդիր չբարձրացնեն, պետք է խնդրի՝ հստակ նշել, թե որ կազմակերպության մասին է խոսքը:

Կարապետյանը, իր վրա պատասխանատվություն վերցնելով, նշեց, որ դա USAD կազմակերպությունից հիմնական ֆինանսավորումից ճյուղավորվող մեկ այլ կազմակերպության ֆինանսավորման մասին է:

Փաստացի Կարապետյանի խոսքով ստացվում է, որ Հարությունյանը շփվել է օտարերկրացիների հետ եւ նրանց ասել է, որ եթե ինչ-որ x փորձագետն աշխատի իրենց մոտ, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կդադարեցնի համագործակցությունը կամ այդ կազմակերպության հետ կամ դրա առանձին նախագծի:

«Շնորհակալություն ճշգրտման համար, ես նախորդիվ էլ եմ ասել, այժմ էլ կասեմ, ՀՀ կառավարության եւ Միացյալ Նահանգների զարգացման ծրագրի միջեւ առկա համագործակցության շնորհիվ հանձնաժողովը սկսել է իրականացնել բարեվարքության խթանում ծրագիրը, որը իրականացման տեսանյունից վերապահվել է Ամերիկյան դելքսոլայն կազմակերպությանը, որը հետագայում դարձել է դեքսիս կազմակերպություն»:

Ապա նշեց, որ փորձագետների հետ, եթե եղել են խնդիրներ, ապա դրանք լուծվել են միմիայն քննարկման եղանակով՝ ֆինանսավորող կազմակերպության մասնակցությամբ:
Խոսակցությանը միջամտելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստը վարողի իրավունքով որոշեց ավելի «տնավարի» հարց ուղղել Հայկուհի Հարությունյանին:

«Ուզում եմ ավելի ժողովրդական եւ ավելի պարզ լեզվով կրկնել տիկին Կարապետյանի հարցը.
Եղե՞լ է դեպք, երբ դուք զանգահարել եք կամ ինչ-որ ձեւով խոսելով, հաղորդակցվելով ասել եք, որ եթե այս մարդն այստեղ աշխատի, ապա մենք Ձեզ հետ չենք աշխատի: Կարճ կոնկրետ ասեք՝ այո կամ ոչ»:

Հնչեց պատասխան.

«Խմբակցության հանդիպման ժամանակ էլ եմ ասել՝ ո՛չ զանգ եւ ո՛չ նման ձեւակերպում իմ կողմից չի եղել»:
Սիմոնյանի բազմաթիվ հարցուփորձերին, խճճող ու ճնշող հարցերին ի պատասխան Հարությունյանը կրկնում էր մի բան՝ նման ձեւակերպում չի եղել:

ArmLur.am-ը փորձեց ճշտել, թե ով է եղել այդ փորձագետը, որի իրավունքները ՔՊ-ականները հրապարակավ պաշտպանում էին՝ ճնշելով ԿԿ հանձնաժողովի նախկին նախագահին: Մեր իրազեկ աղբյուրները փոխանցեցին, որ հայաստանյան այդ փորձագետը «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանն է:

Իրենց նախկին գործընկերոջ իրավունքներն էին հնարավոր ու անհնարին բոլոր ձեւերով փորձում պաշտպանել ԱԺ նախագահն ու Մարիա Կարապետյանը: ArmLur.am-ը կապ հաստատեց Համազասպ Դանիելյանի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում, ինչու՞ է Հայկուհի Հարությունյանը վետո դրել իր գործունեությանը եւ արդյոք Համազասպ Դանիելյանը՝ որպես անկախ փարձագետ հանդես չի եկել, այլ փորձել է բարեվարքության գործընթացի մեջ քաղաքական գիծ տանել կամ քաղաքական թելադրանքներով բարեվարքության պրոցեսսի մասնակցել եւ որոշ պաշտոնյաների կամ թեկնածուների մասով բարեվարքության գնահատականներ տալ քաղաքական թելադրանքսվ:
Դանիելյանը՝ լսելով մեր հարցի բովանդակության նախնական տեքստը, շնորհակալություն հայտնեց զանգի համար, նշեց, որ զբաղված է եւ անջատեց հեռախոսը:

Մարիամ Ղազարյան




Լրահոս