ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը Աժ-ում մի տեսակ սառը ցնցուղի և ԱԺ-ի դինջ մթնոլորտը մի տեսակ աշխուժացնելու էֆֆեկտ ունեցավ: Ելույթից հետո մի տեսակ անտրամադիր, փոքր-ինչ շփոթված կարծես թե հերթական անգամ Հայաստանում տիրող իրավիճակի ռեալ պատկերը լսող Շարմազանովը ռեպլիկի կարգով անդրադարձավ Փաշինյանի ելույթին` ասելով.«Մենք ավտոմոբիլային տրանսպորտի օրենքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելուց բացի`այլ բան չենք անում: Եթե կան կոնկրետ առաջարկներ ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ հնչեցնել»:
Փաշինյանի ելույթից հետո տրանսպորտային օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին խոսեց նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ամբիոնից իջնելուց հետո նա ինչ-որ մեկին «ջան» ասաց, որն անպատասխան չմնաց Շարմազանովի կողմից: «Պրն Մինասյան, այսօր բոլորին ջան եք ասում, համեցեք պրն Բագրատյան ջան»,- հետ չմնալով Մինասյանից ասաց ՀՀԿ մամլո խոսնակը: