Երեկ Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկը չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած անվանացանկի՝ Հայաստան է վերադարձվում նաև սահմանին բերման ենթարկված լիբանանահայ Վիգեն Աբրահամի Էուլջեքչյանը:
Վիգեն Էուլջեքչյանը ծնվել է 1979թ. Բեյրութ քաղաքում: 2015թ. ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019թ. տեղափոխվել է Երևան, հետո Արցախի Հանրապետության Շուշի քաղաք: 2020թ. նոյեմբերի 10-ին ադրբեջանցի զինվորականները նրան և Մարալ Նաջարյանին գերեվարել էին:
Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ էր արձակվել, իսկ Վիգեն Էուլջեքչյանին մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով և դատապարտվել 20 տարի ազատազրկման։
Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կազմվում էր միայն ամբաստանյալի՝ իբրև ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա։