Իրավապահ համակարգում ներքին տարաձայնություն է ձեւավորվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպով: Բանն այն է, որ իրավապահները մեկը մյուսի վրա են գցում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն ժամանակին ձերբակալելու եւ իրավապահ մարմիններին ներկայացնելու հարցը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մինչ իրավապահները ներքին կռիվ են տալիս, թե ով կամ ովքեր ժամանակին ընթացք չեն տվել դեպքին ու կասկածյալին չեն բերել հարցաքննության, փաստ է մեկ բան, որ պատգամավորի թոռը մինչ օրս հարցաքննված չէ: ArmLur.am-ը գրել էր, որ ներքին պայմանավորվածություն կա՝ նրան առաջիկայում կբերեն հարցաքննության: Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։ Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային: Իրավապահները արդյոք մինչեւ վերջ կգնան եւ կբացահայտեն գործը եւ պատասխանատվության կկանչեն ՔՊ-ական պատգամավորի թոռանը՝ ցույց կտա ժամանակը: Փաստ է մեկ բան. մինչ այժմ Գագիկ Մելքոնյանի թոռանը չեն գտել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։
Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու: Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, եւ, որ ամենակարեւորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը եւ քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում: Գնդակը դատավոր Գարիկ Աբելյանի դաշտում է, եւ նա կորոշի քրեական գործով ներկայացված միջնորդությունը բավարարել եւ գործը ուղարկել Երեւան, թե այն թողնել Սիսիանում: Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը դատարանում է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ հրավիրվել էր 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն Քննիչ հանձնաժողովի ձեւավորման սկզբնական փուլում Սամվել Բաբայանը՝ որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում էր հանձնաժողովի աշխատանքներին: Նա հետո հայտարարեց, թե խաղի կանոնները չեն պահպանվում հանձնաժողովում, ու ինքն այլեւս չի մասնակցելու դրա աշխատանքներին: «Եթե կան խաղի կանոններ, եթե խաղի կանոնները չեք պահում, չի ստացվում: Եթե ինչ-որ մեկին անուն ունեն խայտառակելու, ես չունեմ»,- ասել էր նա: Այսօր արդեն փաստացի իրավիճակ է փոխվել, ու Սամվել Բաբայանը հրավիրյալի կարգավիճակով գալիս է հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է Սամվել Բաբայանից՝ ինչ է արդյոք փոխվել հիմա, որ համաձայնել է նորից գալ հանձնաժողով, արդյոք հիմա խաղի կանոնները պահպանվում են: «Փոխվել է այն՝ ընդդիմությունն ասել է՝ Սամվել Բաբայանը հանձնաժողովում չպետք է լինի որպես անդամ, այլ պետք է պատասխան տա իր արածների համար: Ինձ հրավիրել են, ես էլ եկել եմ: Ես հանձնաժողովի անդամ չեմ, պատասխանատու չեմ, չգիտեմ՝ պահպանվում է, թե ոչ»,-ասաց Բաբայանը: