ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ ՈՒ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ներկայացրել է իր մասնակցությամբ տեղի ունեցած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքները։

 

«Ես ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը ե՛ւ 44-օրյա պատերազմի ժամանակ, ե՛ւ հիմա։ Ես անուններով չեմ խոսել, ես դրվագներով, փաստերով հուշել եմ, թե ինչ ուղղությամբ կարող է լինել քննությունը։ Ես եկել եմ որպես քաղաքացի, ներկայացրել եմ այն, ինչից տեղյակ եմ եղել։ Հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ, ես չեմ կարող ասել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բաբայանը։

Հարցին, թե արդյոք  44-օրյա պատերազմում կրած պարտությունում տեսնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը, Բաբայանը պատասխանեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն էր եւ այն, որ նա հավատացել էր իր նշանակած կադրերի զեկույցներին։

Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Բաբայանն ասաց, որ  պատրաստ է պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին։

«Հրավիրել են, եւ ես համաձայնել եմ ներկա գտնվել եւ հարցերին պատասխանել։ Ինչի՞ պետք է խուսափեմ, եթե ես պատրաստ եմ բոլոր հարցերին պատասխանել։ Այն հարցերին, որոնք ինձ կուղղեն, ես կպատասխանեմ անկեղծ»,- ասաց Բաբայանը։

Իսկ արդեն նիստից հետո հայտարարեց, թե Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն, եւ առաջինը ինքն է հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե: Այն, ինչ խոսել են Հանրային հեռուստատեսությամբ, ավելի ծավալուն ներկայացվել է իրենց:

Նա հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է իր ներկայացրած հաղորդմանը, զենք-զինամթերքը Ադրբեջանին հանձնելուն, իր կողմից Բաքվի հետ բանակցություններին, Սահմանադրության տապալմանը:

Հարցին, ինքն էլ է կարծում արդյոք, որ Արցախի պետական ինստիտուտները չպետք է գործեն Հայաստանում, Սամվել Բաբայանն ասաց. «Ես առաջին օրը հենց վարչապետին առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ականներին Մոսկովյան փողոցի վրա, եւ այդ միջոցով, ինչպես Դուք եք ձեւակերպում, Ղարաբաղի ժողովրդին տեր կանգնել բոլոր հարցերով: Նիկոլ Փաշինյանը մերժել է, չի ասել՝ ինչու է մերժել: Երեւի մի օր կհանդիպեմ, կխոսեմ: Ես գրավոր եմ ուղարկել առաջարկը, Նիկոլ Փաշինյանին երկու տարուց ավելի է՝ ո՛չ տեսել եմ, ո՛չ խաբար եմ, ո՛չ գիտեմ»:

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստը գումարել է 2022 թվականի փետրվարին։ Այդ օրվանից մինչ այս պահը բազմաթիվ պաշտոնյաներ ու զինվորականներ են հարցաքննվել։ Նիստին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի մասնակցությամբ նիստը, ի տարբերություն նախորդների, բաց էր։ Հանձնաժողովի նախորդ նիստին մասնակցել է նաեւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Սամվել Շահրամանյանը։

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռեւս ներառված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին. սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար»,-ասել է նա։

 

 

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆ

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը գերեվարված իսրայելցի զինվորների ազատման համար պայման է առաջադրել Գազայի հատվածում մշտական հրադադարը. այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Նշվում է, որ եգիպտական «Ալ Կահիրա ալ Իխբարիա» հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ պաղեստինցի արմատականները հաստատել են, որ «իսրայելցի զինվորականների ազատ արձակման պայմաններն այլ են լինելու»։ Մասնավորապես, այս հարցի շուրջ բանակցությունները ներառում են «ռազմական գործողությունների ավարտի» եւ Գազայի հատվածի «շրջափակման վերացման» քննարկում:

Իսրայելի եւ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման միջեւ քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը եւս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում «ՀԱՄԱՍ»-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին, դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԻՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջեւանի ու Ղազախի հատվածում:

Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հանդիպման մասին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել. այն կկայանա նոյեմբերի 30-ին։

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՆԻՍՏԻՆ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ նիստին. «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ»,- գրել է նա։

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐՐ ԿԱ՞

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը եւ ուսումնասիրում ենք դրանք, որպեսզի հասկանանք, թե ինչքանով են մեր տնտեսվարողների արտադրած ապրանքները անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է»,- նոյեմբերի 29-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հարցին՝ տեսնում է արդյոք քաղաքական տարրեր այս գործընթացներում, նախարարն ասաց. «Ես այդպես չէի ասի. մեզ համար ուղղակի տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է վերադարձվում, եւ հետո՝ երկու օրվա մեջ, եւս 35 մեքենա։ Դա՝ այն դեպքում, երբ   մատակարարները իրենք ապրանքների որակի մեջ որեւէ փոփոխություն չեն արել»։

Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում գործողություններ է սկսել խնդիրները լուծելու համար: «Հրավիրվել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը:

Լրագրողի հարցին՝ ռուսական շուկային որպես այլընտրանք ստեղծվել է արդյոք մեկ այլ արտահանման շուկա, Քերոբյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ արտահանման այլընտրանք ստեղծել, այսինքն՝ այդ ապրանքը այսօր հնարավոր չէ՞ արտահանել Իրաք, ԱՄԷ եւ այլն։ Ցանկացած արտահանող ինքը պետք է բանակցի իր գնորդների հետ եւ իր ապրանքը վաճառի տարբեր շուկաներում։ Կառավարությունը օգնում է, որ տասնյակ արտահանողներ գնան Չինաստան ցուցահանդեսի, այնտեղ ձեռք բերեն նոր գործընկերներ եւ այլն»։

Հիշեցնենք, որ Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ծաղիկներով, ձկնով եւ այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը հայտնել էր, որ խնդիրը միայն հայկական բեռնատարների հետ կապված չէ. խիստ հսկողություն է Ռուսաստան մտնող բոլոր մաքսակետերում:

 




Լրահոս