Երևանի Կենտրոնը շինարարական մեծ հրապարակի վերածած քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ի հեճուկս քաղաքացիների դժգոհությունների, շարունակում է հողահատկացումներ անել այնպիսի հատվածներում, որտեղ պարզապես անթույլատրելի է շինարարություն կազմակերպել: Ընդ որում, սա հասկանալու համար ամենևին էլ պետք չէ մասնագետ լինել կամ շինարարական հոտառություն ունենալ: Տրամաբանություն ունենալն արդեն բավական է դա հասկանալու համար
Հիշո՞ւմ եք՝ ինչ մեծ աղմուկ բարձրացրին Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչները, երբ «Լարկո գրուպ» ընկերությունն անցած տարվա նոյեմբերի 11-ից սկսեց բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Մարդիկ ըմբոստացան, չթողեցին, որ շինարարական գործիքները դուրս բերվեն մեքենաներից: Տղաներն ուս ուսի տված փորձում էին խոչընդոտել շինարարության ընթացքը, նույնիսկ բանն այնտեղ հասավ, որ մի կին պարզապես նստեց փողոցում ՝ այդպես փորձելով սևեռել քաղաքապետարանի ուշադրություն խնդրի վրա:
Անգամ ԱԺ պատգամավորներ էին միացել պարբերական դարձած ակցիաներին, բայց ՝ անօգուտ: Երևանի քաղաքապետն ավելի «սկզբունքային» գտնվեց և որոշեց ամեն գնով հաղթել երևանցիներին: Շինարարությունը սկսվեց, որը նաև սողանքի հոսք բացեց: Բնակիչներն այս խնդիրը ևս բարձրացրին, բայց սա էլ նախորդների նման, ցավոք, լուծում չստացավ: «Լարկո գրուպ» ընկերությունն ավելի հզոր գտնվեց, քան երևանցիների մի հոծ բազմություն:
Ինչպես կտեսնեք Armlur.am-ի պատրաստած տեսանյութում, շինարարությունը լայն թափով ընթանում է: Վարպետները, միագույն հագնված, մրջնի պես կառուցում են ու կառուցում: Եվ ամիսներ անց Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչների մեծ մասը պարզապես կզրկվի արևի լույսից, դժվարանցանելի կդառնա առանց այդ էլ նեղլիկ փողոցը, իսկ պատուհաններից միմյանց տուն մտնելու ու գողության հավանականությունն էլ ավելի կմեծանա:
Ահա Տարոն Մարգարյանի խոստացած «ավելի բարեկարգ Երևանը»:
Թամարա Միքայելյան, Քնար Մանուկյան