Դեկտեմբերի 7-ին Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն` Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի: Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկ չկա:
Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները: Նրանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։
Հայաստան վերադարձվող գերիների թվում է նաև Հադրութի շրջանում գերեվարված Հրաչ Արզումանի Ավագյանը:
Նրան առաջադրվել էր մեղադրանք Ադրբեջանի սահմանը հատելու, ահաբեկչության և ապօրինի զենքի կրման համար: Բաքվի ծանր դատարանում կայացված դատի ժամանակ նրան առաջադրված վերջին 2 մեղադրանքը չի հաստատվել և միայն «Ադրբեջանի սահմանը հատելու համար» դատապարտել էր 4 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել:
Նանիկ Աղասյան