Թուրք գիտնական, պրոֆեսոր Նաջի Գյորուրը «CNN Türk»-ին հայտնել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի նահանգում հնարավոր երկրաշարժի շուրջ իր անհանգստությունների մասին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Գյորուրը նշել է, որ Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչպես նաև հավելել, որ այն ավելի հավանական է Ստամբուլի եվրոպական մասում:
Ըստ թուրք գիտնականի՝ նմանօրինակ հնարավոր երկրաշարժի վերաբերյալ ահազանգել են նաև մի շարք ամերիկացի մասնագետներ:
«Նրանց խոսույթի համաձայն՝ 1999-ի երկրաշարժերից հետո Մարմարայում 64 տոկոս հավանականությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ»,- հավելել է նա:
Բացի այդ, Գյորուրն ընդգծել է, որ վերոհիշյալ մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների վերանայումից հետո էլ երկրաշարժի հավանականությունը բարձր է մնացել՝ կազմելով 47 տոկոս:
Պրոֆեսորը նշել է հավանական ուժգին երկրաշարժի հարվածի տակ հայտնվելիք շրջանների անունները` Սիլիվրե, Բաքըրքյոյ, Զեյթինբուրնու և այլն: