Շատ ուրախ չեմ, որ ինչ-որ արտասովոր բաներ անեմ. Ալլա Լևոնյանը՝ Ամանորը նշելու, անցնող տարվա թողած հետքերի ու ապագայի տեսլականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականը մոտենում է ավարտին: Սև ջրային նապաստակն իր տեղն է զիջում փայտե կանաչ վիշապին:

ArmLur.am-ը շարունակում է տարվա ամփոփման շարքը: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Ալլա Լևոնյանի հետ:

-Ալլա ջան, ամփոփելով անցնող տարին, ո՞րն է եղել այն ամենամեծ խնդիրը, որ լուծել եք 2023-ին:

-Չմանրամասնելով ասեմ, որ չի եղել նման՝ ոչ անձնական խնդիր, որը լուծել եմ:

-Իսկ կա՞ մի բան 2023 թվականին, որի մասին հիշելիս ակամայից սկսում եք ժպտալ:

-Ոչ:

-Ամանորին ի՞նչ եք սիրում խմել. գինի, օղի, կոնյակ, գուցե գարեջուր կամ վիսկի:

-Ճիշտն ասած, խմել չեմ սիրում, բայց եթե ինչ-որ առիթ լինում է՝ տարբերություն չկա: Քանի որ չեմ խմում հաճույք ստանալու, այլ պարզապես նշելու համար՝ միեւնույն է, թե ինչ կլինի:

-Ո՞ւմ կամ ինչի՞ կենացն եք առաջինը խմում Ամանորի գիշերը:

-Առաջինը՝ խաղաղության, հետո նոր մնացածը՝ ծնողների, երեխաների: Հավաքվում ենք ընտանիքով ու խոսում ենք տարբեր բաներից, զրուցում ենք, քննարկում ենք անցնող տարին, որոշում, թե ինչ պիտի անենք եկող տարում:

-Կա՞ ուտեստ, որն ասոցացվում է Ամանորի հետ:

-Իհարկե: Թփով տոլման ու բլինչիկը: Բնականաբար տարվա մեջ հաճախ պատրաստում ենք, բայց երբ ասում են «նոր տարի» իմ մոտ զուգահեռվում են նաեւ այդ երկու ուտեստները: Նույնը մանդարինը: Փառք Աստծո, հիմա բոլոր սեզոններին կա չէ՞, բայց միեւնույն է մենք նոր տարին ու մանդարինը ասոցացնում ենք:

-Իսկ Ձմեռ պապիկին նամակ գրե՞լ եք արդեն:

-Այսո՛, մտքումս: Ամեն տարի էլ գրում եմ:

-Ի՞նչ եք ուզել այս տարի:

-Չեմ կարող ասել, այս անգամ շատ բաներ եմ ուզել, որոնք մեծ հաշվով իմ անձից չեն կախված:

-Բայց «խելոք պահե՞լ եք Ձեզ», ի՞նչ եք կարծում՝ կբերի՞ նվերները:

-Որոշ բաներ կարծում եմ՝ կբերի, բաներ կան՝ ինձ թվում է այսքան շուտ հնարավոր չի բերի, բայց խոստացել է ամեն դեպքում:

Հաշվարկ ունե՞ք, թե ամանորյա ծախսերը ընտանեկան բյուջեից որքա՞ն գումար են տանում:

-Եթե անկեղծ՝ ոչ: Երբեք տեղյակ չեմ եղել, քանի որ գրեթե միշտ ամուսինս է այդ հարցերով զբաղվել, առիթ չեմ ունեցել տեղեկանալու: Բայց թեկուզեւ նրա գնումների պարագայում, երբեք հաշվարկ չենք անում. այսօր սա էր հարմար գնելը, վաղը՝ մեկ այլ բան, այդ իսկ պատճառով հստակ թիվ ասել չեմ կարող:

-Այս տարի ինչ-որ յուրահատուկ կերպով նշելու՞ եք Ամանորը:

-Ոչ: Շատ ուրախ չեմ, որ ինչ-որ արտասովոր բաներ անեմ: Չեմ ուզում ստել: Երբ երեխաները փոքր էին, այն ամենն ինչ հատուկ էր Ամանորին՝ Ձյունանուշ, Ձմեռ պապ, ամանորյա տոնակատարություններ եւ այլն, արվում էր, բայց վերջին մի քանի տարիներին մարդկանց ներսը փոքր-ինչ փոխվել է, երեխաները մեծացել են, ինչ-որ բան անելու իմաստ էլ չկա: Ամեն դեպքում ընտանեկան՝ նեղ անձնական մթնոլորտում նշելու ենք, տոնելու ենք սովորականի պես:

Այս տարի շատ պասիվ եմ եղել, ցանկությունս էլ մեծ չէր, քանի որ «սրտներս նեղ էր», սա սուտ հայրենասիրություն չէ, այլ իրողություն: Նորմալ մարդը չի կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին. նույն պատերազմը, Արցախի կորուստը: Հիմա ոչ մի բան էլ առաջվանը չի: Ինչքան պետք է քո մեջ մարդը մեռած լինի, որ այս ամենից հետո էլի քո էգոյի մասին մտածես: Չի լինում այդպես:

Բայց սրան զուգահեռ ապրել է պետք, կյանքը շարունակվում է եւ սա պարզապես խոսքեր չեն:

-2024-ի նախաշեմին ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, Ձեր հետեւորդներին, լսարանին:

-Ուզում եմ, որ բոլորս լավ լինենք: Մեր ժողովրդի, ազգի մեջից վերջապես այս չարությունն անցնի, կարողանանք խելքի գալ, ոտքի կանգնել, որ մեր պապերի ժառանգությունն ու պատմությունը, որը հասցրել են մեզ, մենք էլ, մի բռունցք դառնալով, միակամ լինելով, կարողանանք պահել:

Մարիամ Ղազարյան




Լրահոս