Դատապարտյալն ածելի է կուլ տվել. մայրն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձոր ՔԿՀ-ի`  հոգեկան և այլ առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալ Արթուր Սմբատյանը երեկվանից հացադուլ է հայտարարել:

Armlur.am-ին ահազանգած դատապարտյալի մայրը՝ Ռոզա Սարդարյանը, տեղեկացրեց, որ որդին կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ հացադուլ հայտարարելու պատճառն այն է, որ նա բազմաթիվ նամակ-խնդրանքներ է գրել մի շարք ղեկավար անձանց, ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաններին` իրեն այլ ՔԿՀ տեղափոխելու համար, սակայն` անպատասխան:

Նշենք նաև, որ Սմբատյանը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ, սակայն «Վանաձոր» ՔԿՀ-ն չունի համապատասխան բուժանձնակազմ, և դատապարտյալը համապատասխան օգնություն չի ստանում:

Արթուր Սմբատյանը պահանջել է իրեն տեղափոխել մեկ այլ ՔԿՀ, որտեղ ինքը կարող է բուժօգնություն ստանալ:

«Որդիս  նորից նամակ է գրել Վանաձորի ՔԿՀ-ի օպերատիվ գծով պետի տեղակալ Մամիկոն Բրուտյանին և խնդրել, որ համապատասխան մարմիններին տեղեկացնի իր առողջական վիճակի մասին, սակայն Բրուտյանը հրաժարվել է որդուս խնդրանքը կատարել: Երեկվանից որդիս հացադուլ է հայտարարել, բացի այդ՝ նաև ինքնավնասման փորձեր է անում՝ կուլ տալով տարբեր տեսակի մետաղական իրեր»,- ասաց դատապարտյալի մայրը և հավելեց, որ ածելի կուլ տալու հետևանքով արդեն երկու օր է, ինչ որդին արյուն է փսխում, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցներից ոչ մեկին չի հետաքրքրում այդ ամենը: «Որդիս ասում է, որ երկու օր է` հացը դռանից կախած է թողել, ու ոչ մեկ չի հարցնում, թե ինչի չի ուտում, ոչ մեկ չի հետաքրքրվում, թե ինչ վիճակում է գտնվում»,-ասաց Ռոզա Սարդարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս