Իրանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը և պատրաստակամություն է հայտնել օգնել իր երկու հարևաններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից օրերս արված համատեղ հայտարարությունը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության խոսնակին։

«Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման փոխադարձ միջոցների մասին, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման վերաբերյալ և դա համարում է կառուցողական քայլ խաղաղության համաձայնագրի հասնելու համար», – դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։

Պաշտոնյան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը ցույց է տալիս, թե որքան արդյունավետ են տարածաշրջանային երկխոսությունն ու մեխանիզմները հակամարտությունների կարգավորման գործում։

«Տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելը պահանջում է վստահության կառուցման մթնոլորտ և համագործակցություն տարածաշրջանային կողմերի միջև», – հավելել է Քանանին:

Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև բանակցությունները արդյունք կտան՝ հայտնելով Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու երկու հարևան պետություններին կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։

 




Լրահոս