Հանձնարարվել է տոներին ընդառաջ կազմակերպել ուժեղացված ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր։

Կարևորելով համակարգում բարեփոխումների ռազմավարությունը՝ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առանցքային այն խնդիրներին, որոնց լուծումը պահանջում է ամենօրյա հետևողական և բարեխիղճ աշխատանք՝ օրենքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքով:

Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է ամանորյա տոներին ընդառաջ իրականացվող ուժեղացված ծառայությանը։ Հանձնարարվել է մայրաքաղաքի և մարզերի տոնավաճառներում, շուկաներում, զվարճանքի և այլ մարդաշատ վայրերում կազմակերպել ուժեղացված ծառայություն:

Ոստիկանության պետը շեշտել է՝ պետք է բացառել կարգապահական թեկուզ աննշան խախտումները՝ ոստիկանի բարեվարքությունը համարելով կարևոր նախապայման համակարգի վարկն ու հեղինակությունը բարձր պահելու գործում:
Գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի համոզմամբ՝ քաղաքացիների հետ շփումներում նոր մոտեցումների որդեգրման, հանցավորության դեմ ամենօրյա հետևողական պայքարի, հասարակական կարգի պահպանման և ծառայության այլ ոլորտներում տքնաջան աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն միայն այն դեպքում, երբ համակարգի յուրաքանչյուր ծառայող դրսևորի բացառիկ պատասխանատվություն և օրինակելի վարք։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հանրապետությունում օպերատիվ իրավիճակը, արձանագրված հանցագործությունների դեպքերը։ Քննարկվել են նաև ծառայողական կարգապահության, ոստիկանության բարեփոխումներին ու տարածքներում օպերատիվ իրավիճակին վերաբերող այլ հարցեր։




Լրահոս