«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՖՖ նախագահի մոտեցող ընտրությունները խոստանում են կտրուկ ընթացք ստանալ ու առանձնանալ սենսացիոն բացահայտումներով ու դեպքերի անկանխատեսելի զարգացմամբ: Առաջադրված թեկնածու, գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որի հիմնադիր Խորեն Հովհաննիսյանը ստիպված է լինում պատասխանել մամուլի հրապարակումներին, որոնք վերաբերում են իր ակումբի կողմից պայմանավորված խաղերի մասին հարցերի, ավելին՝ հայտնի չէ, թե այս ակումբն ինչ ֆուտբոլային գործունեություն է ծավալել 2019թ.-ից, երբ պայմանավորված խաղերի կասկածով փակվեց առաջին լիգան, որտեղ վերջին տեղով ընթանում ու տարօրինակ հաշիվներով պարտվում էր:
Ինչեւէ, անցած շաբաթ «Հետք»-ի մեր գործընկերները, ըստ էության, սենսացիոն հոդված հրապարակեցին, որտեղ ներկայացված էին փաստեր բարձրագույն խմբում հանդես եկող «Վեսթ Արմենիա» ՖԱ-ի սեփականատիրոջ եղբորորդու մասին, որը Բելգիայում պայմանավորված խաղերի սինդիկատի դեմքերից է ու կապ ունի նաեւ հայկական թիմի հետ: Դժվար չէ կռահել, որ այս թիմը եւս հայտարարել է Արմեն Մելիքբեկյանին սատարելու մասին, իսկ նման հրապարակումներով դեռեւս չկա քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն. թերեւս իշխանությունները չեն ուզում մինչեւ դեկտեմբերի 23-ը նսեմացնել Մելիքբեկյանի «հեղինակությունը»: Սա դեռ հարցի մի կողմն է. պարզվում է՝ ՀՖՖ նախագահի թեկնածությանը դեմ են հայկական երկու առաջատար թիմերի՝ գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու»-ի եւ առաջնության ներկայիս առաջատար ու թերեւս այս պահին ամենաշատ երկրպագուներ ունեցող «Փյունիկ»-ի սեփականատերերը:
Առաջինի սեփականատեր Ջեւան Չելոյանցն անցած շաբաթ տված հարցազրույցում խստորեն քննադատել է Մելիքբեկյանին ու մեղադրել վերջինիս բազմաթիվ ֆուտբոլային «մեղքերի համար», իսկ «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը վաղուց է բացահայտ քննադատում ֆեդերացիայի նախագահին, իսկ վաղը հավիրել է մամուլի ասուլիս, եւ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, սպասվում են բացահայտումներ ոլորտում կատարված չարաշահումների մասին: Ի դեպ, այս երկու ակումբների սեփականատերերը ամենամեծ ներդրումն են արել հայկական ֆուտբոլում եւ դա կատարել են սեփական միջոցներից: Մասնավորապես, «Ուրարտու» եւ «Փյունիկ» ակադեմիաները ամենաշատ երեխաներն են մարզում, բաց աղբյուրների ուսումնասիրությունները խոսում են համապատասխանաբար 1400 եւ 1700 սաներ ունենալու մասին, ինչը հսկայական սոցիալական ու սպորտային ներդրում է Հայաստանում:
Փաստացի նման մարդկանց վստահությունը չվայելող Արմեն Մելիքբեկյանը դառնում է ֆեդերացիայի նախագահ՝ ունենալով ֆուտբոլային աննշան գործունեություն ծավալող ՀԿ-ների «անվերապահ» աջակցությունը: Իշխանություններն իրենց այս քայլով ցույց են տալիս, որ այդքան էլ չի հուզում ո՛չ հասարակական կարծիքը, ո՛չ ֆուտբոլային ապագան, ո՛չ էլ հռչակված ազատ ընտրություններն են իրական:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում