Հայաստան վերադարձող գերիների թվում են նաև Գեղարքունիքի մարզում առևանգված Վլադիմիր Ռաֆայելյանն ու Իշխան Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 7-ին Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի:

Ըստ հայտարարության՝ վերադարձվողների մեջ Արցախի ոչ ներկա և ոչ նախկին պաշտոնյաներից ոչ մեկը չկա:

Ավելի ուշ հրապարակվեց նաև Հայաստան վերադարձվող գերիների անունները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած անվանացանկի համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանին է վերադարձնում Գեղարքունիքի մարզում առևանգված Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանին և Իշխան Աշոտի Սարգսյանին:

Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի տարածքում, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ Ադրբեջանական կողմը գտնում էր, որ իբր 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ հատուկ նշանակության հետախուզական զորքերի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և ինժեներ-սակրավոր Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը Արցախի Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջան), որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի մոտ գտնվող ճանապարհներից մեկը։ Հայկական կողմը հակադարձել էր՝ պնդելով, որ նրանք 2021 թվականի մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ են կատարել և հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում ու չեն հատել սահմանը:

Հիշեցնենք, որ Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանում Վլադիմիր Ռաֆայելյանին դատապարտել էին 18 տարվա ազատազրկման, իսկ Իշխան Սարգսյանին՝ 19:

Նշենք, որ Հայաստանի կողմից գերիների անունների պաշտոնական հաստատում չի եղել:

Նանիկ Աղասյան




Լրահոս