
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Հանդիպման օրակարգում են եղել ԵՄ-Ադրբեջան գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները:
«Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել: ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցությանը», – նշել է Բորելը։
Ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա վստահության ամրապնդման ուղղությամբ վերջին միջոցառումների դրական ազդեցությունը։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում այդ հարցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը: Ըստ հաղորդագրության՝ Բորելը միաժամանակ շեշտել է, որ Եվրամիության որոշ պաշտոնյաների կողմնակալ հայտարարությունները խաթարում են կարգավորման գործընթացում Միության անաչառ միջնորդական դերը։
«Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության միակ ճանապարհն է»,- նշել է Բայրամովը։