Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել: ԱԺ աշնանային նստաշրջանն ավարտեց իր աշխատանքը երեկ, սակայն Ալեն Սիմոնյանը չհայտարարեց ԱԺ աշնանային նստաշրջանի ավարտի մասին, որը պետք է ամփոփվեր ՀՀ պետական օրհներգով:
Տեղեկացնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին » ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաև հերթական նստաշրջանների բացման և փակման ժամանակ:
ArmLur.am-ը փորձեց անձամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից պարզել, թե խնդիրը որն է, որ նստաշրջանը չփակվեց օրհներգով,
«Կճշտեմ ձեզ կտեղեկացնեմ, բայց չի ավարտվել։ Նենց չի ավարտվել է ես էլ օրենքը չեմ հնչեցրել։ Չի ավարտվել դրա համար էլ չեմ հնչեցրել»։
Մեր այս բլից զրույցից հետո ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը փորձեց բացատրել, թե պատճառը որն է, սակայն միանգամայն այլ բացատրություն տրվեց․
«ԱԺ-ում պետական օրհներգը չի հնչել, որովհետև ինչպես ԱԺ կանոնակարգ օրենքն է ասում, թե նստաշրջանները երբ են գումարվում, այսինքն՝ այս նիստերի շաբաթը, այսինքն նստաշրջանի ավարտը դեկտեմբերի 3-րդ հինգշաբթին չի։ Շատ են եղել նստաշրջանի նմանատիպ ավարտներ, երբ ԱԺ նիստերը գումարվել են ոչ վերջին հինգշաբթի օրը և դրա համար պետական օրհներգ չի հնչել»։
Այս բացատրությունն, իհարկե, կյանքի իրավունք ունի, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ Ալեն Սիմոնյանը ոչ միայն խախտել է ՀՀ Օրհներգի մասին օրենքը, այլ նաև չի տիրապետում օրենքին։ Ասաց՝ կճշտեմ, կասեմ: Սակայն ԱԺ նախագահի խոսնակը միանգամայն այլ փաստարկներ բերեց:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային Ժողովի՝ հերթական նստաշրջանն ավարտվեց է դեկտեմբերի 11-ին: Եւ Ալեն Սիմոնյանը, թերևս անտեղյակության պատճառով կամ գուցե մանրուք համարելով, չփակեց նստաշրջանը օրհներգով:
Հավելենք, որ այսօր ԱԺ-ում ընթացող նիստերը հրավիրված են Կառավարոթյան առաջարկով՝ արտահերթ: