«ՕՊԵՐԱՑԻԱ «ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆՆԵՐ»»-Ն ՈՒ ԼՈՒԻԶԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 30-ից մեծ էկրաններ կբարձրանա «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» ֆիլմը, որի նախադիտումը կայացավ նոյեմբերի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, որպես ֆիլմի գլխավոր դերակատարներ, հանդես են եկել Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Վիկտորիա Սահակյանը, Սոս Ջանիբեկյանը, Լեւոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Անի Խաչիկյանը, Գրիշա Աղախանյանը եւ  այլք:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆիլմի գաղափարն ի սկզբանե ծնվել է Արշալույս Հարությունյանի մոտ, իսկ սցենարը գրել է Նարեկ Ավագյանի հետ։ Պրոդյուսերն Արման Միտոյանն է:

«Ժողովուրդ» օրաթերթը ֆիլմի մանրամասների, իր մարմնավորած կերպարի եւ բարդությունների մասին զրուցել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ:

-Ումի՞ց եւ ինչպե՞ս ստացաք առաջարկը՝ նկարահանվելու ֆիլմում:

-Քանի որ ֆիլմի ռեժիսորն Արշալույս Հարությունյանն է, ում հետ աշխատում ենք Կամերային թատրոնում, ընթացքում եկավ, ասաց, որ մի շատ հետաքրքիր կերպար կա ոչ պակաս հետաքրքիր ֆիլմում, եւ, իր կարծիքով, ես դա լավագույնս կմարմնավորեմ:

-Երբ առաջին անգամ կերպարի մասին էիք կարդում, միանգամից հասկացա՞ք, որ այն Ձերն է: Ի՞նչ աշխատանք եք տարել: Ես գիտեմ, որ Արշալույս Հարությունյանը սովորաբար մանրակրկիտ աշխատանք է տանում դերասանների եւ իրենց մարմնավորած կերպարների հետ:

-Քանի որ Արշալույսը մինչեւ իմ կարդալն արդեն ասել էր, թե ինչպես է պատկերացնում իմ ու կերպարիս համադրությունը (պետք է նշեմ, որ նա շատ վառ երեւակայություն ունի եւ կարողանում է կերպարը մատուցել այնպես, որ այն հեշտությամբ դառնա քոնը), դրա համար պատկերացնում էի, թե ինչ եմ խաղալու:

-Ի՞նչ կերպար է, ո՞ւմ եք մարմնավորում, ի՞նչ բնավորություն ունի նա:

-Կերպարս հակակշիռ է մյուս՝ «մեծապատիվ մուրացկանին»՝ ի դեմս Ռաֆայել Երանոսյանի: Ֆիլմի անունը «Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ»» այն «մեծապատիվ մուրացկանների» մասին է, որոնք զգացել են փողի համը, սակայն այդ ստատուսը չունեն:

-Իսկ այս անգամ մենք տեսնելո՞ւ ենք նոր Լուիզայի: Հայկական ֆիլմարտադրության հիմնական խնդիրն այն է, որ մի ֆիլմից մյուսն անցնելիս դերասանները սովորաբար փոփոխության չեն ենթարկվում, եւ մենք կարծես բոլոր ֆիլմերում նույն կերպարը տեսնենք:

-Չի կարելի պահանջել, որ  դերասանը ամբողջությամբ իր կաշվից դուրս գա եւ լրիվ այլ  տեսակով ներկայանա: Այստեղ շատ կարեւոր է առաջադրված հանգամանքները, եւ թե ինչքանով ես քեզ այդտեղ հարմարավետ զգում եւ  հասկանում, թե ով ես դու եւ որ իրավիճակում ինչպես պետք է գործես:

Արտահայտչամիջոցների առումով, բնականաբար, մենք չենք կարող մեր ֆիզիկային ու բնությանը հակառակ գնալ, այդ իսկ պատճառով ես ավելի շատ կենտրոնանում եմ նրա վրա, թե որքանով է ստացվել ինձ մոտ կերպարանափոխվել ուղեղով:

-Անոնսից կարելի է հասկանալ, որ Դուք եւ Քեն Դավիդյանը եւս միասին ունեք տեսարան: Նկարահանումները Քենի հետ ինչպե՞ս էին ընթանում: 

-Բարդ էր այն առումով, որ հայերեն տեսարանները  մի փոքր դժվար էր տրվում Քենին. ես նույնսիկ ունեմ կադրից դուրս հոլովակներ, որոնցում Արշալույս Հարությունյանը տանջվում է հենց այդ տեսարանների վրա: Նա նախադասություն առ նախադասություն աշխատում էր Քենի հետ, որպեսզի ամեն բան ընթանար իդեալական: Մենք էլ համբերատար սպասում էինք տեսարանի նկարահանվելուն:

Ինչ վերաբերում է պատրաստ տեսարանները խաղալուն, երբ մենք արդեն սկսում էինք նկարահանումները, նա շատ հետաքրքիր էներգետիկա ուներ, որը փոխանցվում էր բոլորիս, հավես էր իր հետ աշխատել: Բազմաթիվ  խնդիրներից զատ, Քենը շատ հետաքրքիր աուրա ուներ:

-Ի՞նչ եք կարծում, այս ժանրի ֆիլմը կսիրվի՞ հանրության կողմից: Մեզանում նորություն է «էքշնը» որպես այդպիսին:

-Մի փոքր դժվար է ինձ այս հարցին պատասխանելը: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ այն հետաքրքիր լուծումներով ու գույներով, որ ներկայացրել է Արշալույս Հարությունյանը, այլ է ու ուրույն ֆիլմ է լինելու՝ համեմված հումորով եւ, դրա հետ մեկտեղ, իրավիճակների դինամիկ զանգացմամբ եւ հանգուցալուծմամբ:

-Մինչ ֆիլմի նախադիտումը ունեի՞ք լարվածություն, թե՞ տարիների հետ արդեն հղկվել եք:

-Իհարկե, կար լարվածություն: Ամեն անգամ հանդիսատեսի դատին նոր բան հանձնելուց լարվածությունն ու պատասխանատվությունը չափից շատ մեծ է: Դու աշխատել ես եւ դեռ արդյունքը չես տեսել, ըստ այդմ՝ անակնկալներով լի եւ պատասխանատու պահ է դա:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԳԱՂԹԻ ԾԱՆՐ ՕՐԵՐԻՑ

Շրջափակման ծանր օրերի, գաղթի ճանապարհի ու սպասվող պատերազմի իր կանխատեսումների մասին պատմում է Արցախից բռնի տեղահանված Նորայր Ասրյանը: «Մինչեւ պատերազմի սկսվելը ես արդեն կանխատեսում էի, որ պատերազմ լինելու է, բայց թե երբ եւ ինչպես կավարտվի, պատկերացում անգամ չունեի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Նորայր Ասրյանը:

 

«Պայմանագրային զինծառայող էի: Մինչեւ պատերազմի սկսվելը նկատել էի զինտեխնիկայի պարբերաբար կուտակումը թշնամու կողմից: Մենք էլ մեր վերադասին էինք տեղեկացնում, որ բավականին կուտակում կա, սակայն մեզ հաղորդում էին, որ նրանք պատրաստվում են զորավարժության: Երբ մոտեցավ մեր հերթափոխին, որ պիտի արդեն իջնեինք, թույլ չտվեցին՝ ասելով որ «համար 1» դրություն է հայտարարված, պետք է մնանք դիրքերում: Երկու օր մյուս հերթափոխի հետ դիրքում մնալուց հետո հայտարարեցին, որ իջնենք, սակայն տուն հասնելուն պես զանգեցին ու տեղեկացրեցին, որ լարված իավիճակ է, պիտի գնանք դիրքեր: Այդպես մեկ շաբաթ ու դեռ ավել անընդհատ կանչում, դիրքեր էին բարձրացնում եւ իջեցնում»,- պատմում է մեր զրուցակիցը:

Սեպտեմբերի 19-ին կրկին կանչեցին զորամաս, բաժանեցին զենքերը, եւ հանձնարարական ստացան դիրքեր բարձրանալու:

«Այդ օրն արդեն ասացին, որ կռիվ է լինելու, պիտի ամեն ձեւ պատրաստ լինենք: Ամեն տեղից կրակում էին, իսկ մենք չունեինք ո՛չ բավարար զենք, ո՛չ էլ բավարար քանակ կռվելու համար: Եղածով պաշտպանվում էինք: Մեկ օրվա ընթացքում կորցրեցի իմ ընկերներին, ընկանք շրջափակման մեջ: Ինքնուրույն կարողացանք դուրս գալ շրջափակումից, քանի որ տարածքին ծանոթ էինք: Անտառով եկանք, հասանք Ստեփանակերտ: Ճանապարհին դիմավորեց մեծ եղբայրս եւ ասաց, որ գյուղերը չկան էլ, իսկ բնակիչներին տարհանել են: Կինս 5 երեխաներիս եւ երկու եղբայրներիս կանանց ու երեխաների հետ ապաստանել էր Իվանյանի ռուսական ռազմաբազայի մոտ: 4 օր մնացին այնտեղ՝ հույս ունենալով, որ ետ կուղարկեն: Սեպտեմբերի 24-ին հայտարարեցին, որ պիտի դուրս գանք Արցախից»,- պատմում է Նորայր Ասրյանը:

4 օրս մնացին այնտեղ՝ հույս ունենալով, որ ետ կուղարկեն, սակայն սեպտեմբերի 24-ին հայտարարեցին, որ պիտի լքեն Արցախը: Սեպտեմբերի 25-ին Նորայրի ընտանիքը եւս բռնեց գաղթի ճանապարհը:

«Սեպտեմբերի 25-ին սկսվեց մեր ընտանիքի գաղթը, մի ողջ գերդաստան տեղափոխվեց Երեւան 3 ֆորդով: Երկու գիշեր անցկացրինք ճանապարհին սոված ու գրեթե հյուծված վիճակում. ուտելու ոչինչ չկար, իսկ երեխաներն անընդհատ հաց էին ուզում: Միայն իմ մեքենայում 15 երեխա կար: Մի կերպ էինք երեխաներին հանգստացնում, երբ հաց էին ուզում: Երկու օր ճանապարհին գիշերելուց հետո՝ երրորդ օրը, հասանք Գորիս»,- պատմում է մեր զրուցակիցը:

 

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է աշխատել Բրազիլիայի հավաքականում, որը մտադիր է 2024թ. Ամերիկայի գավաթից առաջ՝ հաջորդ ամռանը, նշանակել նոր գլխավոր մարզչի. հաղորդում է Goal.com-ը։

Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Կողմերը չեն բանակցում համագործակցությունը շարունակելու հարցով։

Անցած ամռանը հայտնի դարձավ, որ Բրազիլիայի հավաքականը նախնական պայմանավորվածություն ունի Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, որի պայմանագիրն Արքայական ակումբի հետ եւս կավարտվի 2024թ. հունիսին։

Վերջին օրերին իսպանական եւ բրազիլական լրատվամիջոցները գրեցին, որ Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հրաժարվել է Անչելոտիին հրավիրելու մտադրությունից։

Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Սաուդյան Արաբիայի ակումբները։

 

 

 

ՀԱՂԹՈՂԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է 2:1 հաշվով կամային հաղթանակը պորտուգալական «Պորտուի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի տնային խաղում։ Այդ հաղթանակի շնորհիվ կատալոնական թիմը երեք տարի անց դարձյալ կխաղա գլխավոր եվրագավաթային մրցաշարի 1/8 եզրափակչում։

«Ուրախ եմ ակումբի համար, քանի որ իսկապես լավ հաղթանակ տարանք առաջնակարգ թիմի նկատմամբ եւ նվաճեցինք փլեյ-օֆֆի ուղեգիր։ Մենք դրսեւորեցինք հաղթողի մտածելակերպ եւ հոգեբանություն՝ ճիշտ արձագանքելով 0:1 հաշվին։

Երկրորդ խաղակեսը ցույց տվեց, որ մենք լավ մակարդակի վրա ենք։ Ընդմիջմանը տղաներին ասացի, որ պետք է ավելի համարձակ գործեն, դիմեն ճիշտ ռիսկի»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

H խմբում «Բարսելոնան» 12 միավորով առաջինն է։ Երկրորդ ուղեգրի համար պայքարը վերջին տուրում կշարունակեն 9-ական միավոր վաստակած «Պորտուն» եւ ուկրաինական «Շախտյորը»։ Վերջին տուրում «Պորտուն» դեկտեմբերի 13-ին կընդունի «Շախտյորին»։

 




Լրահոս