ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԸ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԹՌԻՉՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլեւս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի հետ կապված։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ եւ գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում FLy Arna ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել, առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ եւ բարձր աշխատավարձեր։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, եւ Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։ Այս ընկերության ձախողումը կապվում է նաեւ Երեւանի քաղաքապես Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում Աժ ՔՊ-ական պատգամավորների միջեւ, եւ բոլորը մեղավորներ են փնտրում։ Հավելենք նաեւ, որ ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից եւ ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող:

 

 

 

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը դեկտեմբերի 3-ին կավարտի իր աշխատանքը: Աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովը պետք է ամփոփիչ զեկույց հրապարակի՝ ներկայացնելով իր եզրակացությունը եւ պատերազմի հանգամանքների ուսումնասիրության արդյունքները: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցին կցվում են դրանում նշված փաստերը եւ եզրահանգումները հիմնավորող փաստաթղթեր կամ այլ նյութեր: Քննիչ հանձնաժողովը պատրաստի ամբողջական զեկույցը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները: Զեկույցը կարող է ունենալ բաց եւ փակ մասեր: Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, զեկույցը բաց քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում, հրապարակվում է նաեւ ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով. փակ մասին կարող են ծանոթանալ այն պատգամավորները, որոնք գաղտնի ռեժիմի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, որը նաեւ քննիչ հանձնաժողովի անդամ է հանդիսանում, ասաց, որ հանձնաժողովը վերջնական զեկույցը կներկայացնի լիազորությունների ավարտից 2 ամիս անց: Ստացվում է՝ փետրվարին արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք է զեկույց ներկայացնի: Հասկանալի է, որ նրանք նպատակ ունեն Նիկոլ Փաշինյանին մաքրագրել պատերազմի աններելի մեղքերից, միայն դրա համար է Անդրանիկ Քոչարյանը շոուներ բեմադրում:

 

 

 

 

Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։ Այդ պարտադիր հարցերից է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրությունը։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները միասին առաջադրել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու։ Թեկնածուն Մանվել Բադալյանն է, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է, պրոֆեսիոնալ է, Կառավարման ակադեմիայի դասախոս: Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված է Հակոբ Միհրանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս այժմ այդ կառույցի նախագահն է, մյուսը՝ նրա աշխատակիցը: Հավելենք, որ սա ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, սակայն մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ նստաշրջաններ կլինեն։

 

 

 

ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երեւույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից: Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը, HSBC-ի վաճառքն ու միավորումը «Արդշինինվեստբանկ»-ին, որտեղ ինքը տարիներ շարունակ տնօրեն է եղել: Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր եւ շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ:

 




Լրահոս