ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ ՔՊ պատգամավորի հեղինակած նախագծի՝ այդ անձինք հնարավորություն կունենան զինվորական ծառայության չանցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։ Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո թեժ քննարկումներ սկսվեցին թե՛ հանրության շրջանում, թե՛ հենց իշխանության ներսում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաեւ ՔՊ-ի ներսում, եւ անգամ Սարգսյանի թիմակիցներից շատերը դեմ են նախագծին։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատգամավորի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ Ձեր նախագիծը այսքան աղմուկ բարձրացրեց, անգամ Ձեր թիմակիցներն են քննադատում նախագիծը:
-Որեւէ քննադատություն չկա, ինձ որեւէ մեկը բացասական բան չի ասել նախագծի վերաբերյալ:
-Տեղեկություններ կան, որ քննարկումների ժամանակ հենց Ձեր թիմակիցները բացասական են արտահայտվել նախագծի մասին, անգամ մտադիր են այն ԱԺ-ում չանցկացնել:
-Ինքը դրական օրենք է եւ շատ կարեւոր, որեւէ բացասական միտք չի կարող ունենալ, կարող է՝ ինչ-որ մեկը խոսակցության ընթացքում մի բան ասել է, բայց անձամբ ինձ ոչ մեկը բացասական բան չի ասել քննարկումների ժամանակ: Եթե լինեն առողջ քննարկման առաջարկներ, այլ կարծիքներ հնչեն, ես պատրաստ եմ այդ հարցը քննարկել՝ ի շահ մեր պետության:
-Ե՞րբ է նախագիծը մտնելու ԱԺ նիստերի օրակարգ:
-Կառավարությունը քննարկել է, դրական երակացություն է տվել, հուսով եմ՝ կհասցնեն մինչեւ ամսի 4-ը կառավարությունից ուղարկել ԱԺ, եւ կներառվի քառօրյա նիստերի օրակարգ:
-Վստա՞հ եք, որ երբ գա ԱԺ, կողմ են քվեարկելու եւ ընդունելու են Ձեր հեղինակած նախագիծը:
-Այո, թե՛ հանձնաժողովում է դրական եզրակացություն ստանալու, թե՛ ԱԺ-ում:
Ի դեպ, ԱԺ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառված չէ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՄՊՀ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցն է:
Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն այս պաշտոնում առաջադրել են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանի թեկնածությունը:
Նրա թեկնածությունն ԱԺ-ում կներկայացնի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» եվ «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են պատրաստվում առաջադրել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանին:
Նախորդ անգամ՝ սեպտեմբերի 12-ին, իշխող մեծամասնությունը տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը. 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել էին ընդդիմադիր 33 պատգամավորներ, իսկ իշխող ֆրակցիայի պատգամավորները, առհասարակ, չէին եկել քվեարկության, ինչի պատճառով Անահիտ Սարգսյանի թեկնածությունը խորհրդարանը չէր հաստատել:
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են կրկին փորձել ու այդ պաշտոնում նոր թեկնածու առաջադրել: Թեկնածուի առաջադրման ժամկետը մինչեւ ամսի 12-ն է, ընդդիմադիրները վաղը կներկայացնեն նրա թեկնածությունը ԱԺ, իսկ ԱԺ առաջիկա նիստին արդեն կքննարկվի Մանվել Բադալյանի թեկնածության հարցը:
Թե ինչու կանգ առան հենց Մանվել Բադալյանի թեկնածության վրա՝ հաշվի առնելով, որ ՔՊ-ն նախորդ անգամ տապալեց ընդդիմության թեկնածուի ընտրությունը, հիմա ինչ ակնկալիքով են նոր թեկնածու առաջադրում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված մեր լիազորությունն է ներկայացնել թեկնածու, մենք ներկայացնում ենք արժանապատիվ, իսկ թե ինչ կանի իշխանությունը, չեմ կարող ասել: Մյուս բոլոր հարցերի պատասխաններն արդեն ԱԺ նիստին կհնչեն»»:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԴՐՈՇՆԵՐԸ
Երեւանի քաղաքապետարանը 2023 թվականին 992 հազար դրամի արժողությամբ դրոշների գնման համար պայմանագիր է կնքել «ԱՄՈՒՐ ԳՍՄ» ՍՊԸ-ի եւ «Մարգարիտ Արծրունյան» անհատ ձեռներեցի հետ, 2 մլն 970 հազար դրամ արժողությամբ էլ դրոշակազարդման ծառայությունների պայմանագիր է կնքել «ԷՄ-ԷՄ Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին առաջարկվող նախագծում «Դրոշների տեղադրում» ծրագրով նախատեսվել է 32 մլն դրամ, ինչը ներառում է ինչպես հատուկ օրերին քաղաքի դրոշակազարդման աշխատանքները, այնպես էլ քաղաքի տարբեր հատվածներում ՀՀ դրոշների տեղադրումը, պարբերաբար փոխարինումը եւ սպասարկումը: «Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում է թվով 450 հատ դրոշակահենքերի պատրաստում եւ տեղադրում։ Ոչ մի քաղաքացու համար նորություն չէ, որ Երեւանում դրոշներ հայտնվում են մայիսի 28-ին, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը՝ հոկտեմբերի 19-ին, իսկ մեկ անգամ էլ՝ սեպտեմբերի 21-ին։ Հայաստանում դրոշներ կան միայն կարեւոր նշանակություն ունեցող շինությունների ներսում կամ տանիքներին՝ Կառավարություն, Ազգային ժողով, նախարարություններ, դատախազություն եւ այլ պետական կառույցներ։ Տոն օրերին դրոշներ հայտնվում են շրջանաձեւ երթեւեկության հատվածներում եւ կամուրջների վրա։ Նունիսկ այս դեպքերում դրոշներ գնելու համար այսքան գումար երբեւէ չի օգտագործվել։ Հիշեցնենք նաեւ, որ 2019 թվականին Փաշինյանը, մաքսատանը տեսնելով գետին գցած դրոշը, հրահանգել էր ազատել աշխատանքից ՊԵԿ աշխատակցին, բայց հիմա շատ պետական հաստատությունների վրա փողփողացող դրոշները քրքրված են:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել է, որ ինքը որեւէ խմբի հետ կապ չունի եւ որեւէ բան չի կազմակերպել: Ավելին՝ Ալբերտ Բազեյանը ծանր հիվանդ է, սակայն դատավոր Մարտին Արզումանյանը հաշվի չի առել այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը…
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում