ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՀՎԱԾ ԳԵՐԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն անհրաժեշտություն է համարել Ադրբեջանում գերիների պահման պայմանների առումով լրացուցիչ հետաքննության անցկացումը, հատկապես՝ հոգեբանական խոշտանգման մասով։

 

«Այս հանգամանքներն ուսումնասիրությունից դուրս են։ Նշեմ, որ գերիներն այս ամբողջ ժամանակահատվածում չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որեւէ անկախ մեխանիզմի հետ։ Այցելությունները բացառապես եղել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, բայց դրանք շատ դեպքերում ուշացած են. անգամ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում մենք երկու-երեք շաբաթ անց նոր կարողացանք ունենալ առաջին այցելության վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը մարդու իրավունքների տեսանկյունից ուշացած է։ Խոշտանգումները կանխարգելելու նպատակով պետք է անհապաղ ապահովվի անկախ մեխանիզմների մուտքը, իսկ անհապաղության տակ մենք հասկանում ենք ոչ ուշ, քան, օրինակ, մեկշաբաթյա ժամկետը։ Այն էլ պետք է շատ արդարացված լինի»,-հավելել է նա։

Ըստ բանախոսի՝ բացառված են նաեւ անկախ փաստաբանների կողմից գործը ներկայացնելու հնարավորությունները, որոնք նույնպես կարող են խոշտանգումների կանխարգելման հարցում դերակատարում ունենալ։

Սահակյանը նշել է, որ հայրենադարձված բոլոր ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք տեղեկություններ ու ցուցմունքներ են տվել գերեվարման ընթացքում վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների վերաբերյալ։

«Ուստի, այս տվյալների համադրմամբ, մենք կարծում ենք, որ խոշտանգումները կանխող մեխանիզմներ Ադրբեջանում չկան,  եւ միջազգային այցելությունների բացակայության պայմաններում այս անձինք դեռեւս շարունակական ենթարկվում են վատ վերաբերմունքի տարբեր դրսեւորումների։ Կախված զարգացումներից՝ դրանք առանձին դեպքերում կարող են ունենալ խոշտանգման դրվագներ, իսկ մնացյալ պայմաններում հիմնականում անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքն է դոմինանտ»,-մանրամասնել է փորձագետը։

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ, այդ թվում՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ եւ քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ:

«Եթե փորձեմ բաղդատել այս տվյալները, ապա մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի եւ 8 բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական  նախկին գործիչներ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Բայց կցանկանամ նշել, որ սա ընդամենը պաշտոնականացված գերիների թվաքանակն է»,-նշել է նա՝ հավելելով, որ, բացի այդ, Ադրբեջանը գերեվարել է առնվազն 80 ռազմագերի եւ քաղաքացիական անձինք, ինչը պաշտոնապես չի հաստատել։

Նրա ընդգծել է, որ  դեռեւս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց։

 

 

 

 

ԿՆՇԱՆԱԿԻ ԵՎ ԿԱԶԱՏԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի եւ կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։

«Ներկայումս գործող կարգավորումների պայմաններում ստացվում է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ տնօրենի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ են: Ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

Հաշվի առնելով այն, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենը եւ տնօրենի տեղակալները, ներկայիս կարգավորումների համաձայն, պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են նախագահի կողմից, անհրաժեշտ է վերանայել գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակի եւ պաշտոնից ազատի վարչապետը՝ նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը համարվել է անհետաձգելի եւ կուղարկվի Ազգային ժողով։

 

 

 

ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը եւ 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: «Արմենպրեսսի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի եւ Հայտնության տոնն է. այդ օրը եւս կլինի ոչ աշխատանքային:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ՝ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում, շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Անկախ պետությունների համագործակցության ղեկավարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգել Լեբեդեւը. հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպումը արտահերթ է, նախաձեռնել է Ռուսաստանի Դաշնությունը։ Այն կկայանա Մոսկվայում դեկտեմբերի 18-ին՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինի նախաձեռնությամբ»,- ասել է նա։

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ, ՔՆՆԱՐԿԵԼ

Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Ժոզեպ Բոռելը հանգամանալից անդրադարձել են այդ ուղղությամբ առկա հեռանկարներին եւ գործադրվող ջանքերին՝ ի նպաստ ՀՀ-ԵՄ առավել մերձեցման եւ քաղաքացիների համար շոշափելի արդյունքների ապահովման։

Անդրադարձ է կատարվել ԵՄ եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Երեւանում եւ Բրյուսելում վերջին շրջանում կայացած արդյունավետ քննարկումներին՝ արձանագրելով ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգի կյանքի կոչման հարցում կողմերի ունեցած պատրաստակամությունը, իրականացվող քայլերը։

Ի շարունակություն հոկտեմբերին Գրանադայում ունեցած հանդիպման՝ ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ նկրտումների զսպման, տարածաշրջանային ներառական ծրագրերի իրագործման եւ հարատեւ կայունության հաստատմանն ուղղված դիվանագիտական ջանքերի կարեւորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է նաեւ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության կարիքների եւ իրավունքների հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների կայուն ներգրավվածությամբ։

Ավելի ուշ՝ նոյեմբերի 30-ին, Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Լորանս Բունի հետ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության օրակարգին եւ առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի, առկա մարտահրավերների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ գործընթացն առաջ տանելու հնարավորությունն օգտագործելու նպատակով Հայաստանն անցյալ շաբաթ Ադրբեջանին է փոխանցել երկկողմ համաձայնագրի նախագծի առաջարկությունների փաթեթը:

ՀՀ ԱԳ նախարարը եւ Ֆրանսիայի պետնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

 




Լրահոս