ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ նախարարությանը կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը: Այն վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիստի օրակարգում ներառված էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների հարթակի եւ ուսանողների աջակցության ծրագրերի վերաբերյալ հարցերը:
Նախարարի խոսքով՝ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին եւ նմանատիպ մանդատ ունեցող բոլոր հնարավոր միջազգային կառույցներին՝ ներկայացնելով նյութական ժառանգության, հուշարձանների ցանկերը, ինչպես նաեւ վանդալիզմի գրանցված դեպքերը:
«Այս ուղղությամբ, իհարկե, աշխատանքներ արվում են, հատկապես՝ տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ միջազգային տեսանելիությունը բարձրացնելու ուղղությամբ, բայց կարող են լինել նաեւ այլ առաջարկներ՝ լրացուցիչ գործիքակազմի կիրառության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հասարակական խորհրդի կազմում կան նաեւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Կարեւորում եմ նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության հարցը: Նույնիսկ կարող է լինել առաջարկ՝ ամբողջական փաթեթ պատրաստել Լեռնային Ղարաբաղի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասով՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, դրա վտանգման իրական աստիճանը եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը հատուկ պաշտպանության տակ առնելու որոշակի միջազգային միջոցներ փնտրելը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարեւորելով նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների՝ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանքի հնարավորությունը եւ նրանց ներուժի օգտագործումը:
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերը: Ըստ նրա՝ մինչեւ Կառավարության համապատասխան որոշումը նախարարի շրջաբերականով բուհերին հանձնարարվել է տեղահանված ուսանողներին ներգրավել կրթական ծրագրերում անգամ որեւէ փաստաթուղթ չունենալու դեպքում: Սարգիս Հայոցյանի խոսքով՝ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախնական, միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա եւ հեռակա ուսուցման համակարգի այն ուսանողների 2023-2024 ուստարվա 1 կիսամյակի ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման մասին որոշումը, որոնք սահմանված կարգով տեղափոխվել են ՀՀ պետական ուսումնական հաստատություններ: «Ներկա դրությամբ ունենք 1837 ուսանողներ, որոնք ներգրավված են պետական բուհերում տարբեր կրթական ծրագրերով: Եթե տվյալ կրթական ծրագիրը ՀՀ բուհերում չի իրականացվում, ապա նմանատիպ կրթական ծրագրերով տեղափոխության հնարավորություն է ընձեռնված»,- նշել է կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ կա ուսանողների եւս 2 խումբ, որոնք հայտնվել են խոցելի իրավիճակում. մի խումբը ՀՀ բուհերում սովորող այն ուսանողներն են, որոնք ուսման վարձի փոխհատուցում են ստացել ԼՂ-ի կողմից:
Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր են ուղղել, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտների կրթության եւ նոր չափորոշչով տպագրված դասագրքերի ապահովմանը, ուսուցիչների աշխատավարձերին եւ հավելավճարներին, ՏՄԱԿ-ի պայմաններին եւ այլն:
ԶԼՄ-ՆԵՐՆ ՈՒ ՕՐԵՆՔԸ
Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է ներկայացրել «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին։
Նախագծերով առաջարկվում է`
1) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը՝ որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, որի նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը,
2) սահմանել լրատվամիջոցի ինքնակարգավորումը, այդ թվում՝ էթիկայի վարքականոն, ինքնակարգավորման մարմին (վարքականոնի դրույթների ապահովման մեխանիզմներ) ունենալը՝ որպես դրա կարգավիճակի գնահատման չափանիշ,
3) նոր խմբագրությամբ շարադրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանված հիմնական հասկացությունները՝ համապատասխանեցնելով դրանք առկա միջազգային պահանջներին,
4) նախատեսել ինքնակարգավորման պարտականությունը կատարելուն խթանող կարգավորումներ, օրինակ՝ ինքնակարգավորման համակարգ ունեցող լրատվամիջոցների համար պետական/հանրային կառույցներում հավատարմագրման անվերապահ իրավունքի երաշխավորումը, ինչպես նաեւ զրպարտությունից եւ վիրավորանքից պաշտպանվելու գործերով մինչեւ դատարան դիմելը այդ մարմիններին դիմելու համար խրախուսման միջոցներ,
5) ԶԼՄ օրենքում սահմանել ինքնակարգավորման միջոցների հասկացությունը եւ դրանց ճանաչման կարգը,
6) սահմանել հիմքեր, որով հնարավոր կլինի տարբերակել եւ հանրությանը տեսանելի դարձնել օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող լրատվական գործունեություն իրականացնողներին,
7) սահմանել մեխանիզմներ անցումային փուլում այդ ճանաչումը իրականացնելու եւ հետագայում ճանաչված ինքնակարգավորման միջոցների միավորման միջոցով նոր Մեդիա խորհրդի ստեղծման ուղղությամբ:
Օրենքի փոփոխությունը ներառում է փոփոխություն եւ լրացումներ նաեւ սահմանումների մեջ՝ «Լրագրող` լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ, լրատվական գործունեություն իրականացնողի համար մասնագիտական գործունեության կամ պարբերական հիմունքներով տեղեկատվության հավաքման եւ տարածման գործընթացում ներգրավված անձ»:
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Վերջերս արտառոց դեպք է տեղի ունեցել Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցում։ 8-րդ դասարանում անգլերեն լեզվի գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցչուհի Ասյա Ավագյանն, առանց հիմքի, բարձր առաջադիմություն ունեցող աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։ Խիստ վիրավորված աշակերտուհին թողել է դասարանը, արցունքն աչքերին՝ գնացել է իրենց տուն։ Այդ միջադեպը քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդում, որտեղ Ասյա Ավագյանը հայտնել է, թե այդ աշակերտուհին եւ իր ծնողները պետք է իրենից ծնկաչոք ներողություն խնդրեն։
Ա. Ավագյանը կամայականություններով աչքի է ընկել նաեւ դպրոցի այլ աշակերտների հետ հարաբերություններում։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները գործում են Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայությամբ։
Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել՝ նրան հարցնելով, թե մարզպետարանը Վ. Կարմիրաղբյուրի դպրոցում կատարված հակամանկավարժական երեւույթների կապակցությամբ ինչ քայլեր է ձեռնարկել: Նոյեմբերի 15-ին մարզպետարանից պատասխան ենք ստացել, ուր նշված է. «Տավուշի մարզպետի աշխատակազմը քաջատեղյակ է Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում տեղի ունեցածի մասին եւ իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել է բոլոր միջոցները»։
Որպեսզի իմանանք, թե որոնք են մարզպետի նշած «բոլոր միջոցները», նոյեմբերի 22-ին նույն խնդրի վերաբերյալ տեղեկատվական նոր հարցում ենք ուղարկել մարզի ղեկավարին։
Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին լսելուց հետո Տավուշի մարզպետի աշխատակազմը կապ է հաստատել տնօրենի, ուսուցչուհու եւ ծնողի հետ։ Դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ, որոտեղ քննարկվել է ուսուցչուհուն կարգապահական տույժի ենթարկելու հարցը՝ բարեվարքության կանոնները խախտելու համար, սակայն մանկավարժական խորհուրդը դեմ է քվեարկել։ Տավուշի մարզպետի աշխատակազմը բանավոր նկատողութուն է տվել Ա. Ավագյանին եւ տնօրենին»։
8-րդ դասարանցի աշակերտուհու մայրը՝ Գայանե Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Տավուշի մարզպետի աշխատակազմը իր եւ իր ամուսնու հետ կապ չի հատատել, բանավոր նկատողություն կոչվածից հետո Ասյա Ավագյանը դասարանի ծնողական ժողովում վիրավորական խոսքեր է ասել ժողովին մասնակցած իր տարեց մորը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ