Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրով նոյեմբերի 16-ից մեկնարկել է հայ մեծանուն կոմպոզիտորի անվան 11-րդ միջազգային փառատոնը:
Մեկ ամսվա ընթացքում կկազմակերպվի սիմֆոնիկ 5 համերգ, որոնց ընթացքում կներկայանան անվանի մենակատարներ: Հերթական երեկոյի հյուրը ջութակահար Ստելլա Չենն էր: Համերգին ներկա է եղել Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:
Փառատոնային ծրագիրը համեմված է խաչատրյանական շնչով: Կհնչեն Արամ Խաչատրյանի կոնցերտները, հատվածներ բալետային ու այլ ստեղծագործություններից։ Փառատոնային ծրագրում ընդգրկված են նաեւ Խաչատրյանի կինոերաժշտությունն ու ունկնդրի կողմից շատ սիրված ««Սիմֆոնիկ ջազ «Խաչատրյան»» համերգը։
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ՝ նոյեմբերի 30-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախորդ նիստում ներկայացված առաջարկությունների եւ դիտարկումների հիման վրա՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին: Ծավալված քննարկումների արդյունքում այն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է բոլոր ներգրավված կառույցներին ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան շարունակել նախապատրաստական աշխատանքները, հստակեցնել անելիքները, բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ եւ առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ նիստին:
ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին 93-րդն է եւ բարելավել է դիրքը 2 հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն Արգենտինան է: Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանին է, իսկ լավագույն տասնյակում են նաեւ Անգլիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Նիդերլանդների, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի հավաքականները:
ԿԵՐԿԱՐԱՁԳԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ավարտում է բանակցությունները Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ։ Սպասվում է, որ մինչեւ Նոր տարի կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մինչեւ 2025թ. հունիս. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Հունվարի 21-ին Մխիթարյանը կնշի ծննդյան 35-ամյակը։ Նրա գործող պայմանագիրն իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
ԲԵԼԻՆԳԵՄԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ
Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ռեկորդ է գրանցել։ Նա Չեմպիոնների լիգայի առաջին չորս խաղերից յուրաքանչյուրում գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է «Ռեալի» պատմության մեջ։
Խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում (4:2) Բելինգեմը գրավել էր Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դարպասը։ Բիլենգեմը մասնակցել է խմբային փուլի 5 խաղից 4-ին եւ ամեն խաղում գոլ է խփել։