ԻՆՉՊԵՍ ԿԾԱԽՍԵՆ ԲՅՈՒՋԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի բյուջեի նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հանրային քննարկման ժամկետը մինչեւ դեկտեմբերի 5-ն է, դրանից հետո նախագիծը քննարկվելու է Երեւանի ավագանիում դեկտեմբերի 26-ին կայանալիք նիստում։ Նախագիծը կայքում դիտվել է 255 անգամ։ Ներկայացնենք փոքրիկ մասեր, թե ինչպես է պատրաստվում Ավինյանի ղեկավարած կառույցը ծախսել դեֆիցիտ ունեցող բյուջեն։ Օրինակ՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 26 մլն դրամ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համայնքային ծառայողների վերապատրաստման եւ նեղ մասնագիտական ու կոմպետենցիաների վերապատրաստման համար աշխատակիցների մասնակցելու գործընթացը ապահովելու համար։ Հարցն այն է, որ մասնագիտական զարգացման կարիք կա ամբողջ քաղաքապետարանում։ Հետո անհասկանալի է այն փաստը, որ քաղաքապետարանն ավելի շատ գումար հատկացրել է գրասենյակային նյութերին եւ հագուստներին, քան վերը նշված մասնագիտական զարգացմանը։ «Գրասենյակային նյութեր եւ հագուստ» հոդվածով ծախսերը ծրագրվել են 69 մլն դրամ, ինչը ավելի է 2023 թվականի հաստատված ցուցանիշից 7 մլն դրամով. հաշվարկվել են՝ հաշվի առնելով գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Հավելենք նաեւ, որ հազիվհազ ընտրված ֆրակցիայի բյուջեում, ինչպես իրենց դեպքում հաճախ է լինում, ահռելի գումար է հատկացված կենցաղային եւ հանրային սննդին։ «Կենցաղային եւ հանրային սննդի ծառայություններ» գծով նախատեսվել է 33 մլն դրամ՝ 2023 թվականի 30 մլն դրամի դիմաց. ավելացումը հիմնականում պայմանավորված է գնաճով եւ նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով: Բյուջեի քննարկումներից հետո սպասենք եւ տեսնենք, թե նման ավել ծախսերը որ ընկերություններից են կատարվելու, եւ որ իշխանականն է հարստանալու։

 

 

 

 

Դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կքննարկվի «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ըստ ամենայնի, բացասական եզրակացություն կտա օրինագծին, եւ այն նույնիսկ չի ընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Զարմանալի «զուգադիպությամբ» նույն օրերին՝ դեկտեմբերի 5-ին եւ 8-ին, տեղի են ունենալու նաեւ «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի դեմ արդեն մեկուկես տարի ձգվող քրեական գործի դատաքննության ամփոփիչ լսումները, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարդալու է դատավճիռը։ Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի պարզվեր, ամբողջապես շինծու մեղադրանքով էր՝ իբր հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռելու հիմքով։ Պարզապես, ինչպես տասնյակ այլ ընդդիմադիր գործիչների, Չալաբյանի դեպքում էլ իշխանությունը նրա քաղաքական ակտիվությունը փորձում է կասեցնել նրա դեմ քրեական հետապնդմամբ։

 

 

 

 

Դեռ 2018 թվականի հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ վարչապետի լիազորությունները նվազեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մտադրություն է առկա։ Դրանից հետո նրա քայլերը հակասում են հայտարարություններին։ Բանն այն է, որ Փաշինյանին եւս մեկ լիազորություն կտրվի։ Այսուհետ ԱԱԾ ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին կնշանակի եւ կազատի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Որպես հիմնավորում՝ նշվում է այն հանգամանքը, որ ծառայությունը ենթակա է հենց վարչապետին։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին եւս մեկ լիազորություն կտրվի, իսկ նախկինում նույն Փաշինյանը բողոքում էր սուպերվարչապետությունից:

 

 

 

«Լավանդա-նորֆարմ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արայիկ Հայրապետյանի ընտանիքին, ՊԵԿ-ի հետ ընկել է դատական քաշքշուկների մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ցանկանում են 04.10.2023թ. արձանագրությունն անվավեր ճանաչել: Ըստ էության, Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է նախկին պատգամավորին պատկանող ընկերությանը, եւ նա, չհաշտվելով տուգանքի հետ, այն վիճարկում է դատարանում: Նկատենք, որ նախկին պատգամավորի շուրջ սա միակ պատմությունը չէ, որ պտտվում է: Այս տարվա նոյեմբերի 23-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քննությամբ պարզվել է՝ ֆիզիկական անձ Ա. Հ.-ն, հանդիսանալով գույքերի իրական սեփականատեր, այլ անձի՝ Ն. Ա.-ի անվամբ իրականացրել է կառուցապատման եւ բնակարանների օտարման գործունեություն Երեւան քաղաքի Ազատության պողոտա 1/10, 1/31, 1/32, 1/34, 1/38, 1/40, 1/41, 1/42 հասցեներում գտնվող «Պրեմիում Հաուս» բազմաբնակարան շենքերի թաղամասում։ Նախնական համաձայնությամբ հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եւ հարկման օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, բնակարանների օտարման գործարքների փոխարեն, նա կնքել է բաժնային սեփականության օտարման գործարքների պայմանագրեր, որի հետեւանքով պակաս է հաշվարկել եւ չի վճարել շուրջ 500.000.000 ՀՀ դրամի հարկ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումներով Ա. Հ.-ն եւ Ն. Ա.-ն ձերբակալվել են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ վարութային եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների ճնշման ներքո վերջիններիս կողմից ներկայացվել է շուրջ 500մլն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների վերաբերյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եւ պետական բյուջե է վերականգնվել շուրջ 250 մլն ՀՀ դրամ գումար: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ «Պրեմիում Հաուս» թաղամասի կառուցապատողը հայտնի գործարար Լավանդայի Արայիկն է՝ Արայիկ Հայրապետյանը։ Նա Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ի անդամ էր, իշխանափոխությունից հետո համարավետ տեղավորվել էր նոր իշխանության «սրտի օլիգարխների» շարքերում` ՔՊ-ի տանիքի տակ։ Կարծես թե, իրավիճակ է փոխվել:

 




Լրահոս