«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են եղել այս շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Մեր տեղեկություններով՝ Արցախի բոլոր խմբակցությունները նախնական տվել են նիստին մասնակցության իրենց համաձայնությունը, սակայն նիստը չի կայացել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ նիստը տեխնիկական պատճառներով չի կայացել, բայց առաջիկայում անպայման ԱԺ նիստը կկայանա:
-Տիկի՛ն Հակոբյան, այս շաբաթ մտադիր էիք Արցախի ԱԺ նսիտ հրավիրել. ինչո՞ւ նիստը չկայացավ, ո՞րն էր պատճառը:
-Նիստ, այո՛, պետք է լիներ, բայց մինչեւ նիստը հանձնաժողովի նիստ պետք է լիներ, ինչը տեխնիկական խնդիրների պատճառով չի կայացել, բայց այնպես չէ, որ ԱԺ նիստը չի կայանալու:
-Իսկ ե՞րբ կկայանա նիստը:
-Հավանաբար առաջիկայում:
-Տիկի՛ն Հակոբյան, մամուլը գրել էր, որ մինչեւ նիստը նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ, խնդրել է միառժամանակ ոչինչ չձեռնարկել, նիստ չհրավիրել, մինչեւ ինքը որոշ հարցեր հստակեցնի: Իշխող ֆրակցիայի պատգամավորներն էլ այդ օրը չեն եկել նիստի , դրա համար էլ այն տապալվել է:
-Այդ հարցը ճիշտ կլինի ուղղել «Ազատ Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին: Նախորդ շաբաթ Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորներն են հանդիպել Սամվել Շահրամանյանի հետ Արցախի ներկայացուցչությունում, բայց տեղյակ չեմ՝ առանձին հանդիպում «Ազատ-Հայրենիք ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ եղել է, թե ոչ:
-Իսկ ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ:
-Հիմնականում մենք՝ պատգամավորներս ենք հարցեր ուղղել Շահրամանյանին, քնարկել ենք առաջիկա մեր անելիքները, Արցախի կառավարության անելիքների մասին հարցեր ենք քննարկել, ինչպես նաեւ բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծման հետ կապված մի շարք հարցեր:
-Սամվել Շահրամանյանի հետ ԱԺ նիստ հրավիրելու վերաբերյալ խոսե՞լ եք, ի՞նչ դիրքորոշում է նա հայտնել այդ մասով:
-Այո՛, ԱԺ նիստի մասին էլ ենք խոսել, Սամվել Շահրամանյանն էլ մեզ հետ համակարծիք է եղել, որ պետք է նիստ հրավիրվի: Բոլորս էլ այն կարծիքին ենք, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, քանի որ Արցախի հարցը երբեք չի կարող մոռացության մատնվել:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿՈՐԱԾ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՆԻՍՏԵՐԸ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին շրջանում հաճախակի կուսակցական հավաքներ է անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Գրեթե շաբաթը երկու անգամ իշխանականները հավաքվում են եւ վարչապետի հետ քաղաքական եւ ներկուսակցական հարցեր քննարկում:
Երեքշաբթի օրերին տեղի են ունենում կուսակցության վարչության նիստերը, որը նեղ կազմով է եւ սովորաբար ավելի փակ ֆորմատով, իսկ հինգշաբթի օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կուսակցության նախաձեռնող խմբի հետ, որը, ի տարբերության վարչության նիստերի, ավելի լայն կազմով է:
Ուշագրավ է, որ վերջին շրջանում ակտիվացել են նաեւ ՔՊ կուսակցության այն անդամները, որոնք վաղուց քաղաքական տեսադաշտում չէին երեւացել եւ շատ պասիվ էին: Օրինակ՝ կուսակցության երեկվա նախաձեռնող խմբի նիստին մասնակցում էր ԱԺ նախկին պատգամավոր Արման Բոշյանը, որը երկար ժամանակ ակտիվ չէր քաղաքական դաշտում: Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին: Նույն թվականին, Փաշինյանի որոշմամբ, նշանակվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնին, սակայն այստեղ էլ պաշտոնավարեց մեկ տարի:
Արման Բոշյանը նաեւ ՔՊ կուսակցության վարչության անդամ է եղել: ԱԺ նախկին պատգամավորը երկար ժամանակ է՝ որեւէ պաշտոն չի զբաղեցնում, պասիվ էր նաեւ քաղաքական դաշտում, բայց, փաստորեն, որոշել է նորից մասնակցել կուսակցական հավաքներին: Կուսակցության նախաձեռնող խմբի նիստերին մասնակցում էր նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գադպարյանը, որը նույնպես ընդհատակ էր անցել: «Ժողովուրդ» օրաթերթն էլ վերջերս էր գրել, որ Էջմիածնում բարձիթողի վիճակ է, համայնքում շատ խնդիրներ կան՝ աղբի, համայնքապետարանի աշխատանքի, շինարարության հետ կապված, բայց քաղաքապետն անհետացել էր ու չէր զբաղվում այդ հարցերով:
Հիմա, փաստորեն, ՔՊ ընդհատակ անցած անդամներն ակտիվացել են:
ՆԻՍՏԵՐ ԿԳՈՒՄԱՐԵՆ
Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կգումարի երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին. այդ օրը հանձնաժողով կգնա նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Այդ օրը նիստ կգումարի նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը. օրակարգում լինելու է 4 հարց՝ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը: Երկուշաբթի նիստ կգումարի նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, օրակարգում 3 հարց է լինելու: Այդ օրը հանձնաժողով կգնա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Արդեն դեկտեմբերի 5-ից մեկնարկում է ԱԺ լիագումար նստաշրջանը, ԱԺ են գնալու Նիկոլ Փաշինյանը եւ նախարարները:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
Մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ցեմենտի գործարան կառուցել, որին դեմ էին արտահայտվում համայնքի հարյուրավոր բնակիչներ ու մասնագետներ: Վեդու համայնքապետարանում կազմակերպված լսումների մասնակիցները հայտարարում էին, որ մարզում արդեն իսկ երկու ցեմենտի գործարան կա, երրորդը ոչ միայն ավելորդ է, այլեւ խիստ վտանգավոր ու ռիսկային եւ կարող է բնապահպանական լրջագույն վնաս հասցնել համայնքին: Ներկաների համար նախ չափազանց տարօրինակ էր, որ համայնքի համար կարեւորագույն այս քննարկմանը չէր մասնակցում համայնքապետ Գարիկ Սարգսյանը. նրան փոխարինում էր գյուղվարչության պետը, ում լիազորությունների մեջ վստահաբար չէր մտնում նման քննարկման ժամանակ համայնքի անունից ներկայանալու պատասխանատվությունը: Է՛լ ավելի տարօրինակ էր, որ ոստիկանական աննախադեպ քանակի ուժերի ներկայության ու Գարիկ Սարգսյանի բացակայության պայմաններում անցկացված լսումներից օրեր անց Գարիկ Սարգսյանը դրական եզրակացություն է տվել խնդրահարույց գործարանի կառուցման նախագծին: Ստացվում է, որ համայնքապետը որեւէ կարեւորություն չի տվել բարցրաձայնված բազմաթիվ մտահոգություններին, որոնք վերաբերում էին ցեմենտի նոր գործարանի կառուցման վտանգավոր հետեւանքներին, ու, մեղմ ասած, թքած է ունեցել թե՛ համայնքի բնակիչների, թե՛ մասնագետների կողմից հնչեցված կարծիքների վրա: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու է Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանը այդքան շահագրգռված խնդրահարույց գործարանի կառուցմամբ, որին դեմ են արտահայտվում համայնքի բնակիչներն ու մասնագետները: Բնականաբար, վերջինս ոչ մի հոդաբաշխ բացատրություն չի տալիս այս հարցին, սակայն մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե ինչ շարժառիթներով է առաջնորդվում կոկորդիլոսների բուծման նկատմամբ մեծ սեր ունեցող Գարիկ Սարգսյանը, որը, քաջ գիտակցելով նոր կառուցվող գործարանի վտանգավոր հետեւանքները, միեւնույնն է, կանաչ լույս է վառել դրա կառուցման համար: Եւ ցավալի է, որ հերթական անգամ անփորձ ու բացառապես սեփական շահի մասին մտածող չինովնիկի պատճառով մեր պետությունն է փորձության ենթարկվելու ու վտանգավոր ռիսկերի առաջ կանգնելու: