Վիզա ստանալու հերթերը ու դրանից առաջացած անհարմարություններն արդեն երկար ժամանակ է, ինչ վատ իրավիճակի մեջ են գցում քաղաքացիներին: Շատ քաղաքացիներ, որոնք ցանկանում են ամենատարբեր նպատակներով մեկնել Հայաստանից, բախվում են վիզա ստանալու հերթերի ու մի շարք այլ խնդիրների հետ:
Ավելի կոնկրետ ու հասկանալի ասված՝ կատարվում է հետեւյալը. դեսպանատունը տրամադրում է շենգենյան վիզա ստանալու համար օրեր, որոնք ամրագրում են քաղաքացիները, սակայն լինում է եւ այնպես, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են իրենց հերթից, օրինակ՝ մտափոխվել են, հիվանդ են կամ ցանկացած այլ պատճառով պարզապես ներկա լինել չեն կարող այդ օրը: Ստացվում է, որ այդ օրը մնում է ազատ: Հաշվի առնելով վիզա ստացողների եւ վիզայի համար դեսպանատան կողմից տրամադրվող օրերի քանակի չհամընկնելը՝ տեղի են ունենում մի շարք կեղծիքներ:
Մասնավորապես՝ անհատներ կամ հատուկ խմբեր օր ու գիշեր 24/7 ռեժիմով թարմացնում են ամրագրումների կայքը, որպեսզի ինչ-որ մեկի հերթը «առաջ գցեն» եւ դրանով իսկ գումար են աշխատում: Դրա համար պահանջում են անձնագրի տվյալներ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար եւ այլն, այսինքն՝ հնարավոր բոլոր անձնական տվյալները պահանջվում են վիզա ստացողից դեսպանատներում հերթ ստանալու համար, եւ ճարահատյալ քաղաքացին էլ հնարավորինս շուտ վիզա ստանալու համար տալիս է այդ ամենը անհայտ անձանց: Փաստացի այս երեւույթը հղի է բազմաթիվ վտանգներով:
«Հերթը առաջ գցողները» ունեն իրենց հատուկ խումբը, որով քաղաքացիները կապ են հաստատում եւ պայմանավորվում հետագա գործողությունների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս տարբեր երկրների օրինակով փորձել է վիզա ստանալու «այդ մութ եղանակից օգտվել»:
Միայն մեկ ժամվա ընթացքում Ֆրանսիայի դեսպանատանը հունվարի վերջին հերթ ստանալու համար մեզ հետ կապվեցին շուրջ 7 հոգի: Գների սահմանը տատանվում էր 25000-30000 դրամի սահմաններում: Իսկ եթե ցանկանում ենք ավելի մոտ օր, օրինակ՝ դեկտեմբերին, այն կարժենա ավելի թանկ, քանի որ հավելյալ ռեսուրսներ է պահանջում:
Մեր զրուցակիցների խոսքից պարզ դարձավ նաեւ մեկ այլ բան. եթե, օրինակ, մի երկրի դեսպանատուն գերծանրաբեռնված է, կարող են ավելի հեշտ ու համեմատաբար ավելի նոսր հերթեր ունեցող դեսպանատուն ամրագրել վիզա ստանալու հերթ, ստանալ Շենգեն վիզա ու այցելել այնտեղ, որտեղ ուզում եմ, սակայն ցանկալի է՝ առաջինն այցելել եվրոպական այն երկիրը, որի դեսպանատուն դիմել են:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Ֆրանսիայի դեսպանատուն՝ հասկանալու, թե արդյոք իրենք վերահսկում են այս ամենը, ինչու օրերի քանակը հավուր պատշաճի չի տրամադրվում քաղաքացիներին: Մեզ պատասխանեցին, որ բանավոր ոչ մի հարցի պատասխանել չեն կարող, միայն նշեցին, որ օրեր տրամադրում են, պարզապես ծանրաբեռնվածությունը մեծ է:
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
ԿՎԱՌԵՆ ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ
Երեւանում ակտիվորեն ընթանում են ամանորյա զարդարանքների աշխատանքները: Պարբերաբար քաղաքում փողոցներ կամ փողոցի տարբեր հատվածներ փակվում են ամանորյա լուսավորությունն ապահովելու համար: Նշենք, որ այդ լուսավորության համար համայնքային բյուջեից տրամադրվել է 202406000 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Անցած տարի քաղաքի տոնական լույսերը միացվեց «Մանկական Եվրատեսիլ 2023-ի» բացման արարողությանը, որը ընթանում էր հենց Հանրապետության հրապարակում:
Իսկ այս անգամ ե՞րբ են վառվելու լույսերը. քաղաքապետարանն այս առումով լռում է, դեռեւս հստակ որոշում չկա:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այս տարի հապարակում լույսերը վառելու են արցախցի փոքրիկները քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:
ԲԱՔՈՒՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է
Բաքուն հավատում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գոյակցության հնարավորությանը։ Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին՝ հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը», – ասել է Բայրամովը՝ նշելով, թե այլ սուբյեկտների կողմից նախաձեռնվող աշխարհաքաղաքական ինտրիգների շարունակությունն անարդյունավետ է եւ միայն ծառայում է խաղաղ գործընթացի ձգձգմանը։
Նա նշել է, թե Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեեւ գործընթացը ձգձգվում է։
«ՀԱՅԱՔՎԵՆ»՝ ԱԺ-ՈՒՄ
«ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության հեղինակած նախագիծը հաջորդ շաբաթ ՝ երկուշաբթի, կքննարկվի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագիծը հանձնաժողովում ներկայացնելու է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը փոփոխություններ է առաջարկում Քրեական օրենսգրքում, որով խիստ պատիժ է նախատեսում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար: Երկուշաբթի օրը ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա:
Անկախ եզրակացությունից՝ նախագիծն ընդգրկվելու է Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ:
ԿԱՅՑԵԼԻ ԴՈՒԲԱՅ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերսկսել է իր ակտիվ գործուղումների շարքը։ Այս անգամ նա 5 օր անընդմեջ բացակայելու է ՀՀ-ից։
Վարչապետի որոշումներից տեղեկանում ենք, որ Ավանեսյանը դեկտեմբերի 2-3 կմեկնի Դուբայ՝ մասնակցելու կլիմայի փոփոխության հետ կապված համաժողովի, իսկ այնուհետեւ միանգամից կգնա աֆրիկյան երկրներից Գանա։ Այստեղ էլ դեկտեմբերի 5-7 կմասնակցի պատվաստանյութերի մասին համաժողովի։
Նշենք, որ Ավանեսյանի «վոյաժների» մի մասի ծախսերը հոգալու ենք մենք՝ հարկատուներս, քանի որ նա Դուբայում առողջապահության ոլորտի հետ կապ չունեցող՝ Կլիմայի փոփոխության համաժողովին մասնակցելու է բյուջեի հաշվին։
Ոլորտը ձախողած նախարարը, փաստորեն, շարունակում է ոչ միայն պաշտոնավարել, այլեւ ակտիվ ճամփորդել։
ԿԱՏԱՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կատարը շարունակում է Իսրայելի եւ պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջեւ հրադադարը շարունակելու միջնորդական ջանքերը՝ չնայած Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսմանը։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։
Ըստ հրապարակման՝ աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը, հնարավոր է, նորից հրադադար հաստատի, եթե «ՀԱՄԱՍ»-ը պարտավորվի ավելի շատ պատանդների ազատ արձակել։
«Մենք հասել ենք գծի վերջին», – ասել է The Washington Post-ի աղբյուրներից մեկը՝ նշելով, որ «ՀԱՄԱՍ»-ն արդեն ազատ է արձակել բոլոր կամ գրեթե բոլոր այն պատանդներին, որոնց նախատեսում էր այս պահի դրությամբ ազատ արձակել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները՝ «ՀԱՄԱՍ»-ին մեղադրելով հրադադարը խախտելու եւ Իսրայելի ուղղությամբ հրթիռ արձակելու մեջ։
Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարն ուժի մեջ էր մտել նոյեմբերի 24-ին եւ երկու անգամ երկարաձգվել էր։ Այդ ընթացքում «ՀԱՄԱՍ»-ն Իսրայելին է վերադարձրել 105 պատանդի, իսկ Իսրայելն ազատ է արձակել 240 պաղեստինցի բանտարկյալի։ Հրադադարը նաեւ թույլ էր տվել, որ Գազայի հատված մտնի հումանիտար օգնություն, այդ թվում՝ սնունդ, բժշկական պարագաներ, վառելիք։