«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են ինքնիրավչության, հոգեկան ներգործության, մարդուն առեւանգելու, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Ու.-ն Խաչփար գյուղի բնակչից գնել է «Վազ 21010» մակնիշի ավտոմեքենա, որի համար արժեքի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը՝ 300 000 դրամի չափով, մնացել է պարտք:
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 32-ամյա բնակիչ Ա.Հ.-ն, տեղեկանալով, որ Ա.Ու.-ն գումարը չի տալիս, որոշել է իր ընկեր, Էջմիածին քաղաքի 34-ամյա բնակչի՝ Ա.Ա.-ի հետ խմբի կազմում Ա.Ու.-ից 300.000 դրամ պարտք գումարը վերադարձնել ստիպելու նպատակով վերջինիս հետ խնամիական կապերի մեջ գտնվող Ա.Չ.-ին առեւանգել:
Այդ նպատակով 2022թ. հունիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ա.Հ.-ն եւ Ա.Ա.-ն, նախնական համաձայնությամբ, խաբեությամբ, վստահությունը չարաշահելու եղանակով Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցից գումարային հարցերը պարզաբանելու համար նստել են Ա.Չ.-ի կողմից վարվող «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենան։ Ապա Ա.Հ.-ն, Ա?Չ?-ի կամքին հակառակ, կացնի ցուցադրմամբ վերջինիս դիմադրությունը ճնշելով, սպանության սպառնալիքներ տալով, ստիպել են ավտոմեքենան վարել Էջմիածին քաղաքի Չոբանքարա կոչվող տարածքում գտնվող առանձնատուն, վերցրել ավտոմեքենայի բանալիները եւ բջջային հեռախոսը, նրան զրկել փախուստի դիմելու հնարավորություններից։ Դրանից հետո խնամու՝ Ա.Ու.-ի գտնվելու վայրը պարզելու նպատակով Ա.Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Ա.Չ.-ի մարմնի տարբեր մասերին:
Շարունակելով հանցավոր գործողությունները՝ Ա.Հ.-ն իր ընկեր Ա.Ա.-ի հետ Ա?Ու?-ին պարտքը վերադարձնել ստիպելու համար վերջինիս կողմից վերանորոգվող եւ նրա տան բակում կայանված՝ սեփականության իրավունքով այլ անձի պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, առանց սեփականատիրոջ կամքը հաշվի առնելու, նրան տեղյակ պահելու, 2022թ? հունիսի 17-ին իրենց հայեցողությամբ ավտոքարշակով տեղափոխել են Արմավիրի մարզի Առատաշեն համայնք՝ կատարելով ինքնիրավչություն եւ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառելով գույքային վնաս:
Բացի այդ, Ա.Հ.-ն քննությամբ դեռեւս չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ դեպքի օրն իր պայուսակում ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «Մ-75» տեսակի մարտական բեկորային նռնակ՝ իր պայթուցիչով, որը խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԼՔԵԼ ԵՆ ԶՈՐԱՄԱՍԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գեւորգ Հակոբյանին, Մանուկ Մանուկյանին, Վահե Բաբայանին, Գոռ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ.-ի հոկտեմբերի 12-ին, ծառայության վայր ներկայանալու փոխարեն, զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու դիտավորությամբ մեկնել են բնակության վայր եւ մինչեւ 2020թ.-ի նոյեմբերի 18-ը առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության վայր չեն ներկայացել՝ ինքնակամ ծառայությունից բացակայելով 240 ժամից ավելի տեւողությամբ։
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։
ԿՌԻՎ՝ ԲԱՆՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, պատիժն ի կատար ածող նույն հիմնարկի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով Տիրիթ Քարհանյանի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել են նրանց, ապա Մհեր Կաղզվանցյանը ձեռքին գտնվող սուր, ծակող-կտրող առարկայով հարձակվել է քրեակատարողական հիմնարկի ծառայող Ա. Ավետիքյանի վրա: Նա փորձել դրանով հարվածել նրան, վայր է գցել մահճակալի վրա, ինչի հետեւանքով Արամ Ավետիքյանը վայր ընկնելիս կառչել է նույն վայրում գտնվող Գեւորգ Թովմասյանի հագուստներից: Վերջինս իներցիայով վայր է ընկել Արամ Ավետիքյանի կրծքավանդակին, որի պատճառով նրա առողջությանը պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս: Երբ կրկին ցանկացել է նույն սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել Արամ Ավետիքյանին, այդ պահին Եղիշե Քոչինյանը միջամտել է, ու նշված սուր, կտրող-ծակող առարկան դիպել է նրան եւ պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՈՒՏՈԵՎՆ ՈՒ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ
Քրեական հեղինակություն Յուրի Ուտոեւին մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պատճառն այն է, որ նա հարձակվել է քաղաքացու վրա հանդիպելու իր հրավերն անտեսելու համար:
Մասնավորապես՝ 2022 թվականի հուլիսի 25-ի կեսօրին այցելել է Միքայել Սալիբեկյանին պատկանող, Երեւան քաղաքի Հ. Հակոբյան 2/50 հասցեում գործող հացաբուլկեղենի արտադրամաս, որտեղ նույն ընկերության աշխատակցին պատկանող հեռախոսով զանգահարելով Միքայել Սալիբեկյանին՝ առաջարկել է նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, հանդիպել Երեւան քաղաքի Կիեւյան 4 շենքի իրեն պատկանող նկուղային հատվածում՝ միաժամանակ ասելով, որ իր հետ սնունդ տանի:
Միքայել Սալիբեկյանը, հասկանալով, որ զանգահարողը Կիեւյանցի Յուռա մականունով Յուրի Ուտոեւն է, ժամը 21:00-ի սահմաններում գնացել է պայմանավորված վայրը: Շենքի նկուղային հատվածում Միքայել Սալիբեկյանը սպասել է, մինչեւ Յուրի Ուտոեւը ընթրի, որից հետո Յուրի Ոտոեւն իր զանգերին չպատասխանելու, հանդիպումից խուսափելու եւ իրեն արհամարելու համար ֆիզիկական ներգործություն է գործադրել Միքայել Սալիբեկյանի նկատմամբ, այն է՝ հարվածներ է հասցրել վերջինիս՝ պատճառելով գլխի, ձախ ուսահոդի, արմնկային հոդի, ձախ բազկի, նախաբազկի եւ ձախ սրունքի շրջանների քերծվածքների ձեւով առողջությանը թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՔԵՆԱՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Նոյեմբերի 28-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջեւանի բաժին է ահազանգել Աչաջուր գյուղի բնակիչ՝ 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը եւ հայտնել, որ նոյեմբերի 27-ի ժամը 23:30-ից մինչեւ նոյեմբերի 28-ի ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում Աչաջուր գյուղում, օգտվելով իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել են այնտեղ եղած գումարը. հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Հ. Ղալթախչյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցից անհայտ անձը կամ անձինք գողացել են 1 մլն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար եւ 120 հազար ՌԴ ռուբլի:
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ Հ. Ղալթախչյանը երկար տարիներ աշխատել է հայաստանյան հայտնի բանկերից մեկի Իջեւանի մասնաճյուղի կառավարիչ: