ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում ընդգրկված ուսհաստատությունների ցանկը եւ դրանց համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

 

««ՀՀ կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրով նախատեսվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավում, այդ թվում՝ սեյսմիկ անվտանգության ապահովում, փոքրաքանակ աշակերտական համակազմ ունեցող բնակավայրերում մոդուլային դպրոցական շենքերի կառուցում, ըստ անհրաժեշտության՝ հիմնանորոգման, վերակառուցման այլ աշխատանքներ: Մինչեւ 2030 թ. նման աշխատանքներ նախատեսվում է իրականացնել 400 դպրոցում (2026 թ. թիրախը` 300 դպրոց):

Դպրոցական շենքերի եւ կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներ իրականացնել 300 դպրոցում, որի նպատակն է ապահովել որակյալ կրթական ծառայությունների հասանելիություն ՀՀ բոլոր մարզերում եւ Երեւանում։

Դպրոցական միջավայրին առնչվող մի շարք գործոնների կարգավորման շնորհիվ, որպես հետեւանք, կարձանագրվեն կրթական բարելավված արդյունքներ: Բնակավայրերը կունենան կրթական ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով եւ այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով: Կբարելավվի դպրոցական շենքերի եւ կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը (դպրոցական գույք, մարզագույք, գրադարանային գույք, ՏՀՏ սարքավորումներ, լաբորատորիաներ):

Առաջնահերթություն է բոլոր դպրոցներում լաբորատոր ենթակառուցվածքների ստեղծումը, ինչը կարող է լավ նախադրյալ լինել բնագիտական ուղղությամբ կրթության որակի եւ արդյունավետության բարելավման համար հանրակրթության նոր չափորոշչով կարողունակությունները զարգացնելու վրա հիմնված կրթություն իրականացնելու նպատակով:

Գյուղական բնակավայրերի հաստատությունները կընդլայնեն իրենց նշանակությունը՝ գործելով իբրեւ համայնքային կենտրոն, ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կգործեն կրթահամալիրներ, որտեղ, հանրակրթական ծրագրերից զատ, կարող են իրականացվել նաեւ նախադպրոցական, անհրաժեշտության դեպքում՝ արհեստագործական, լրացուցիչ կրթական ծրագրեր։

Կապահովվի նաեւ մարզադահլիճների եւ խաղահրապարակների առկայությունը, որոնք կհագեցվեն անհրաժեշտ գույքով։

 

 

 

 

 

ԲԵՌՆԱՏԱՐՆԵՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«Վերին Լարս» անցակետում ավելի քան 3 200 բեռնատար սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրությունը։

Բեռնատարների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածով արգելված էր նոյեմբերի 26-ից մինչեւ 29-ը եղանակային պայմանների պատճառով, ինչի հետեւանքով էլ հերթ է գոյացել։

Դեկտեմբերի 1-ի առավոտյան ռուսական կողմից Վրաստան մուտք գործելու է սպասում, ընդհանուր առմամբ, 3 236 բեռնատար։

Կատարված մաքրման աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 29-ի երեկոյան հնարավոր է եղել վերականգնել կցորդիչով եւ կիսակցորդիչով փոխադրամիջոցների երթեւեկությունը։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղին՝ այսպես կոչված ռազմավարական ճանապարհը, ներկայում Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայում գործող միակ անցակետն է:

 

 

 

 

ԱՆՈՄԱԼ ՏԱՔ ԴԵԿՏԵՄԲԵՐ

Հայաստանում դեկտեմբեր ամսին սպասվում է տաք, բայց տեղումնառատ եղանակ: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

Նշվում է, որ դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

«Սպասվում է անոմալ տաք եւ բավարար տեղումներով դեկտեմբեր»,- գրել է Գագիկ Սուրենյանը:

Միայն վառելիքի հանածո տեսակների օգտագործումից լիովին հրաժարվելը մարդկությանը թույլ կտա հասնել գլոբալ տաքացման զսպման ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանի մակարդակի վրա, որն ամրագրված է Փարիզի կլիմայի համաձայնագրով: «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ դիմելով Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի մասնակիցներին։

«Գիտությունը միանշանակ ասում է՝ 1,5 աստիճանի սահմանն իրական է, միայն եթե մենք, ի վերջո, դադարենք այրել ամբողջ հանածո վառելիքը, ոչ թե կրճատենք (դրա օգտագործումը), ոչ թե նվազեցնենք, այլ աստիճանաբար հրաժարվենք՝ հաշվի առնելով հստակ ժամանակային շրջանակները», – նրա խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»-ը:

 

 

 

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Փաստացի շուրջ 350 բնակիչ ունեցող Աղավնավանք գյուղը գտնվում է Դիլիջան քաղաքից 22 կմ հեռավորությամբ, այն հասարակական տրանսպորտով կապված է համայնքի կենտրոն Դիլիջան քաղաքի եւ Տավուշի մարզկենտրոն Իջեւանի հետ։ Աղավնավանքում բնակվում են 1980-ական թվականների վերջին Ադրբեջանի տարբեր բնակավայրերից բռնագաղթած մեր հայրենակիցները։ Աղավնավանք բնակավայրի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը հայտնեց, որ  գյուղում անշարժ գույքի գները հավասար են Դիլիջան քաղաքի անշարժ գույքի գներին, Աղավնավանքում  3-4 դատարկ տներ կան, որոնց  տերերն այժմ այլ տեղերում են բնակվում։ Արցախից վերջերս բռնագաղթած 7 ընտանիք հաստատվել է Աղավնավանքում, նրանց մի մասը՝ գյուղում վարձավճարով, մյուսներն առանց վարձի են ապրում։ Արցախից բռնագաղթած ընտանիքների թվով  5 երեխաները ավելացրել  են գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը՝ այն հացնելով 43-ի։ Բնակավայրի վարչական ղեկավարի վկայությամբ՝  Աղավնավանքի հիմնական խնդիրը խմելու ջուրն է, 60 ընտանիք օգտվում է  գյուղում փորված խորքային հորերի ջրից։ Այժմ իրականացվող, տարեվերջին ավարտվելիք սուբվենցիոն ծրագրով լուծվելու է  գյուղի խմելու ջրի հիմնահարցը։ Բնապահպանական մի կազմակերպություն էլ  ոռոգման ջրագծի ծրագիր է իրականացնում։ Ա. Հարությունյանի խոսքերով՝ նախատեսվում է  գյուղի գրունտային ճանապարհների փոխարեն  2024 թվականին տուֆապատ ճանապարհներ կառուցել:

 

 

 

ԿՄՆԱ՞Ն ՏԱՎՈՒՇՈՒՄ

Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ Արցախից բռնագաղթածներից Տավուշի մարզում բնակություն է հաստատել 2970 անձ (780 ընտանիք), որոնցից ներկայումս աշխատանք ունի ընդամենը 36-ը։ Մարզպետարանից հայտնեցին նաեւ, որ Արցախից բռնագաղթածները մինչ այժմ Տավուշի մարզում սեփականության իրավունքով բնակարանններ չեն գնել։ Տավուշում հիմնական աշխատանք եւ սեփական բնակարան չունեցող արցախցի բռնագաղթածներից քանի՞սը կբռնի արտագաղթի ճամփան:

 

 

 

ՏՈՆԱԾԱՌ՝ ՏԱՐԵՄՈՒՏԻՑ ԱՌԱՋ

Նոյեմբերի 30-ին Դիլիջան քաղաքի կենտրոնական խաչմերուկում՝ միջպետական ավտոճանապարհին, տոնածառ տեղադրվեց։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի համար էական չէ, որ մինչ տարեմուտ մեկ ամիս ժամանակ կա, որ Դիլիջանի քաղաքում եւ համայնքի 6 գյուղերում բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ  գոյություն ունեն, նրա համար կարեւորը միջպետական ավտոճանապարհի մեջտեղում վաղաժամ տեղադրված տոնածառն է, որին ոչ մի երեխա չի կարող մոտենալ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս